Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է մանդատից՝ հօգուտ Հրանտ Բագրատյանի

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է մանդատից՝  հօգուտ Հրանտ Բագրատյանի
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է մանդատից՝ հօգուտ Հրանտ Բագրատյանի

Լեւոն Տեր–Պետրոսյանը հրաժարվել է պատգամավորական իր մանդատից՝զիջելով այն Հրանտ Բագրատյանին։
Այդ մասին նա հայտարարել է այսօր Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը։ Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա նշել է, որ պատգամավորական մանդատից հրաժարումը ամենեւին չի նշանակում, որ ինքը պատրաստվում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։

«Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքը ԱԺ-ում ներկայացված կլինի, քանի որ ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների հավաքել է ընտրողների ձայների 7.10 տոկոսը:

© Medialab.am