Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեգործական հիմնադրամների ղեկավարներից

Հարգելի պարոն վարչապետ, դիմում ենք ձեզ մեր խորին մտահոգությամբ` կապված երկրում միակ մանկական ուռուցքաբանության կենտրոնում` Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ստեղծված իրավիճակի հետ՝ տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելը:
Պարոն Փաշինյան, մեր բարեգործական գործունեությունը և մեր հիմնադրամները մանկական ուռուցքաբանության ոլորտում ստեղծվել են լիակատար հուսահատությունից դեռևս նախորդ իշխանությունների օրոք, երբ նեպոտիզմը, տվյալների կեղծումը, կոռուպցիան ուղղակիորեն սպառնում էին կենտրոնի փոքրիկ հիվանդների կյանքին, իսկ հաճախ նաև տխուր ճակատագրական դեր խաղում:
2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո մենք մեծ հպարտությամբ և առողջապահական ոլորտում իրավիճակի փոփոխության հույսով միացանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Զուգահեռաբար, Կենտրոնի ներկայիս տնօրեն Սամվել Դանիելյանի կողմից պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, մենք եռակի ուժով շարունակեցինք մեր մասնավոր հիմնադրամների գործունեությունը։
Բժիշկ Դանիելյանը այն նվիրյալն է, ում շուրջն է կառուցվել այս ամենը տարիներ շարունակ և մի շարք կարևորագույն հարցեր խարսխված են հենց իր վրա: Մեծ հաջողություն է բժշկական ցանկացած ոլորտի համար, երբ նրա շարքերում կան նման մարդիկ, բարեբախտաբար օնկոլոգիան այդ ոլորտներից է ի դեմս Սամվել Դանիելյանի:

Հավանաբար Դուք արդեն լավատեղյակ եք խնդրի մանրամասներից և լիահույս ենք, որ մեր ձայնը, որին միացել են նաև բուժվող երեխաների ծնողները և ոլորտից լավատեղյակ հասարակ քաղաքացիներ, լսելի և կարևոր կլինի Ձեզ համար: Մենք լավ չենք պատկերացնում այդ ինչ կենսական և անուղղելի պատճառ է ի հայտ եկել, որը ստիպել է նման որոշման գալ, ինչը կզրկի ոլորտն իր առաջնորդից: Լիահույս ենք, որ խնդրին ավելի լավ ծանոթանալով` կմիջամտեք արդարության վերականգմանը:

Հուսով և հարգանքով`

Անահիտ Բարսեղյան «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամի նախագահ
Տիգրան Բալոյան՝ «Ֆոնդ 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Սոնա Ազարյան «MENQ ENQ» հիմնադրամի նախագահ
Էդգար Գյանջումյան «ՕԳՆԵՄ» հիմնադրամի նախագահ