Վաղվանից քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական  տրանսպորտով

Վաղվանից քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի  աշխատակիցները երթեւեկելու են հասարակական  տրանսպորտով
Վաղվանից քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական  տրանսպորտով

Վաղվանից Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթեւեկելով բացառապես հասարակական  տրանսպորտով:
Այդ մասին որոշում է կայացվել այսօր` Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, մոնիթորինգն անց է կացվելու քաղաքային տրանսպորտի տեխնիկական եւ քանակական վիճակին, սպասարկման որակին, ինչպես նաեւ մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կանգառելու վերաբերյալ որոշման հսկողության նպատակով:

Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ առանձին մոնիտորինգներ պետք է անցկացվեն նաեւ քաղաքացիների շրջանում` լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիտորինգների արդյունքները կամփոփվեն մինչեւ աշխատանքային շաբաթվա ավարտը:

Փոխքաղաքապետը հանձնարարել է նաեւ հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ:

Մարգարյանը նաեւ անդրադարձել է թափառող շների հարցին եւ հանձնարարել, որ, «Յունիգրաֆ Իքս» ընկերության հետ համատեղ, միջոցառումներ ձեռնարկվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:

© Medialab.am