Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մեկամյակի առիթով ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է»։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի և վավերացվի, իսկ երկու երկրների միջև սահմանազատումը՝ շարունակվի։ Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցին՝ այն բնորոշելով որպես անհանգստացնող։
«Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ»։
Փաշինյանը նաև կարևորել է TRIPP նախագիծը՝ նշելով, որ դրա գործնական իրականացումը շուտով կմեկնարկի և այն կարող է դառնալ տարածաշրջանային ու միջազգային նշանակության նախագիծ։
Ուղերձի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հաստատման գործում ներդրման համար և շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին օգոստոսի 8-ի առիթով։



















