«Քննչական մարմինները բանակում մահվան դեպքերը որակում են որպես ինքնասպանություն` տեղում կոծկելով գործերը». Ժաննա Ալեքսանյան

«Քննչական մարմինները բանակում մահվան դեպքերը որակում են որպես ինքնասպանություն` տեղում կոծկելով գործերը». Ժաննա Ալեքսանյան
«Քննչական մարմինները բանակում մահվան դեպքերը որակում են որպես ինքնասպանություն` տեղում կոծկելով գործերը». Ժաննա Ալեքսանյան

Բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերը բանակի ղեկավարության ու գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ցուցաբերվող բացարձակ անտարբերության հետևանք են: Եվ քանի դեռ պաշտոնյաների որդիները չեն ծառայում բանակում, նման դեպքեր մշտապես կլինեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին:

«Վիգեն Սարգսյանը գոնե մեկ անգամ չի անդրադարձել բանակում մահվան նման դեպքերին, որպեսզի հանրությունն իմանա՝ պաշտպանության նախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կանխելու այդ դեպքերը»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ` այդ մահվան դեպքերի հանգամանքները երբեք չեն բացահայտվում քննչական մարմինների կողմից, և դրա հետևանքով այդ բռնության մթնոլորտը զորամասերում պահպանվում է, դեպքերը կրկնվում են:

«Արտառոց երևույթ էր զինծառայող Աբաս Սլոյանի դեպքը: Հայկական բանակի զինվորը հրապարակային կախվել է, բայց զարմանալին այն է, որ նման արտառոց դեպքը պաշտպանության նախարարի կողմից բացարձակ անարձագանք մնաց: Բացարձակ որևէ պաշտոնյա բացատրություն չի տալիս այս դեպքով, բայց չէ՞ որ դա հրապարակային կախաղան է»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանի մարմինը գտել էին օգոստոսի 14-ին՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում՝ կախված վիճակում: Աբասի համագյուղացիների խոսքով՝ նրան զորամասում 7-8 հոգով ծեծել են, նա զորամասից փախել ու գնացել է գյուղ: Հետո մի քանի օր անց Աբասին կախված են գտել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Օգոստոսի 20-ին էլ Մեղրիի զորամասերից մեկում իր աշխատասենյակում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող կապիտան Արմեն Մկրտչյանի դին: Ըստ տեղեկությունների՝ կապիտանն ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված զենքից կրակելով իր վրա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ մտահոգիչ է համարում, որ մեկ շաբաթվա ընթացքում բանակում ինքնասպանության երկու դեպք է գրանցվում, իսկ պաշտպանության նախարարությունը չի պարզաբանում՝ ինչո՞ւ է հայկական բանակի սպան կամ զինվորն ինքնասպան լինում:

«Աբաս Սլոյանի դեպքից հետո նախարարը պետք է գնար զորամաս, հենց նույն վայրում հայտնաբերեին մեղավորներին ու պատժեին` դա կլիներ կանխարգելիչ: Հանրությանը պետք է բացատրեին, թե ինչ է տեղի ունեցել: Մի կողմից քննչական մարմինները չեն բացահայտում այդ դեպքերը, մյուս կողմից` բանակի ղեկավարության կողմից անտարբերությունը բերել է այս վիճակին»,- ասում է իրավապաշտպանը:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում հրապարակված վիճակագրության համաձայն՝ բանակում գրանցվող մահվան դեպքերի մի մասն է միայն հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանք: Մեծ մասամբ մահվան դեպքերը այլ պատճառներով են լինում: Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում այս ծրագրի կայքում հրապարակված տվյալների համաձայն` բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 43 դեպք, որից միայն 18-ն են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանք: Դեպքերից 8-ը որակված են որպես ինքնասպանություն, 5-ը՝ սպանություն, 4-ը` դժբախտ պատահարի հետևանք և այլն:

2016 թվականին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով 100 զոհ էինք ունեցել, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 109 մահվան դեպք է գրանցվել: Անցյալ տարի գրանցվել է ընդհանուր առմամբ 162 մահվան դեպք, որոնցից 14-ը որակվել են դժբախտ պատահարի հետևանք, 12-ը` ինքնասպանություն, 7-ը` սպանություն: Ընդհանրապես վիճակագրությունը փաստում է, որ սպանություններն ու ինքնասպանությունները բանակում գրանցված մահվան դեպքերի թվում կայուն տեղ են զբաղեցնում: 2015-ին գրանցված 76 մահվան դեպքերից 7-ը եղել են ինքնասպանություն, 6-ը՝ սպանություն: Դժբախտ պատահարների ու անվտանգության կանոնների խախտման պատճառով ևս մահվան դեպքերի թիվը շատ է:

Մասնագետները կասկածներ ունեն, որ ինքնասպանության դեպքերը հենց սպանություններ են, որոնք կոծկվում են:

«Ես կարծում եմ, որ հենց վերևից են այդ դեպքերը որակվում որպես ինքնասպանություն: Կան ընտանիքներ, որոնք չեն կարող փաստաբան վարձել ու պայքարել, կան մարդիկ, ովքեր պայքարում են, բայց էլի ոչնչի չեն հասնում: Բայց քննչական մարմիններն այդ դեպքերը որակելով ինքնասպանություն` տեղում կոծկում են գործերը: Ըստ էության ուզում են ասել, որ հայկական բանակում սպանություններ չկան, դրանք ինքնասպանություններ են, ինչն ավելի վատ է, որովհետև բռնության մթնոլորտ է, և ինքնասպանությունը դրա հետևանք է: Ես ինքնասպանություն որակված գործերով տեսել եմ բացահայտ սպանություններ: Գլխի գագաթային մասի կրակոցն անգամ ինքնասպանություն է որակվում, և քննությունը ինչպես ուզում, այնպես էլ վարում են»,- եզրափակում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am