«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ

«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ
«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ

Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն: 

Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած աատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի եւ կորիզավոր այլ պտղատու այգիները:

«Պատկերացրեք, որ ծաղկած ծառի վրա կարկուտն ու ձյունը գա, ինչ կլինի…Ես ունեմ յոթանասուն  հատ կեռասենի, վաթսուն հատ դեղձենի, ծիրաներիներ, պոմիդորի , սմբուկի սածիլներ, որոնք արդեն պետք էր տեղափոխել: Ամբողջովին երեկվա քամին ու ցուրտը փչացրել ա: Բացի կեռասից, որը կոկոն վիճակում ա, բոլորը ծաղկած էին»-«Մեդիալաբին» ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մարտի  30-ի առավոտյան  Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ անկում ապրեց: Հանրապետության մի քանի մարզերում կարկուտ, ուժեղ քամի  ու ձյան առատ տեղումներ եղան:  Գյուղնախարարության ցրտահարությունների դեմ պայքարի  ծրագիրը՝ այգիները ծխահարելու ու ոռոգելու հորդորը,  անզոր գտնվեցին :  Ի դեպ, ցրտահարության կանխատեսումներն արվում էին մարտի  30 –ի լույս 31-ի գիշերվա համար:

«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման  ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ  չենք    տեսել»,- «Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:

Այս գիշեր, ինչպես Հայրապետյանն այնպես էլ բազմաթիվ գյուղացիները կրկին այգիներում ու դաշտերում էին: Ասատուր Հայրապետյանը ասում էր, որ մարդիկ  այգիները փրկելու վերջին հույսը չեն կորցրել, փորձում է ծխահարման միջոցով պաշտպանել, բայց մեծ ակնկալինքեր չունի:

«Միթե՞ այդքան դժվար ա մի արտադրամաս, մի փոքր ցեխ սարքել, չգիտեմ ինչ քիմիկատներով պատրաստել դիմշաշկաներ, այսինն ծխատուփեր եւ բաժանել գյուղացիներին, որ գյուղացին իր մեջքի վրա՝ շալակով գյուղից երեք- չորս կիլոմետր գոմաղբը քարշ չտան այգի հասցնեն ծխահարելու համար, որ  մեր մի կտոր հանապազօրյա հացն ուտենք: Պետության համար ինչքա՞ն դժվար ա դա»,-«Մեդիալաբին» հարցնում է Ասատուր Հայրապետյանը:

Սակայն, միայն ծխահարման համար չէ, որ գյուղացին պետք է պայքարեր: Արմավիրը մարզի այն գյուղերց մեկն , որոնք հոսանքազրկված էին:

Հոսանքի բացակայությունն էլ մի կողմից ջերմոցները տաքացնելու խնդիր է ստեղծել: Ասատուր Հայրապետյանը սմբուկի, պղպեղի ու պոմիդորի սածիլներ է ունեցել: Հույս չունի, թե բերք կտան:  

«Կնոջս հետ տանջվեց, վեց-վեց մարգ ցանել ենք: Սածիլներն արդեն լուցկու հատիկից մեծ էր դարձել Հիմա եթե ես ցանեմ, արդեն հետ ընկա: Քառասուն դրամով բարեգործական միության նման պիտի վաճառեմ: Եռեսուն-քառասուն դրամն ի՞նչ է»,-«Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:

Ասատուր Հայրապետյանի տնտեսությունը նախորդ տարվա ուժեղ կարկտահարությունից էլ էր տուժել: Գյուղացու խոսքով, եթե այս անգամ էլ  ցրտահարության դեմ միայնակ մնացին, միակ ճանապարհը արտագաղթն է լինելու:

«Եթե էսպես շարունակվի, Արարատյան դաշտն  էլ կդատարկվի,-դառնացած ասում է նա,-ինչքա՞ն կարելի ա մեն-մենակ պայքարել էս ամենի դեմ» :  

Նշենք, որ ցուրտ եղանակը դեռ կշարունակվի: «Հայհիդրոմետ»-ի  տեղեկություններով առաջիկա գիշերը սպասվում է – 4 C, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում կլինի -5 C – -6 C աստիճան ցուրտ:

Գյուղնախարարությունը ցրտահարության հետեւանքով կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չունի:

Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:    

Նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին « անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ»: 

Սակայն, գյուղացին ոչ մի հույս չունի, թե ինչ որ օգնություն, աջակցություն կստանա պետությունից:

«Ի՞նչ ենք ստացել մինչեւ հիմա, որ ինչ էլ սպասենք»,-նշում են նրանք:

Էմմա Քալաշյան

© Medialab.am