Ուր է Վովա Գասպարյանը

Ուր է Վովա Գասպարյանը
Ուր է Վովա Գասպարյանը

Մի քանի շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները վերածվեցին ոստիկանապետ Վովա Գասպարյանի բենիֆիսին, ով հանդես եկավ մի քանի աղմկոտ հայտարարություններով, սպառնաց գողականներին արտագաղթեցնել Հայաստանից, եթե նրանք չհանդարտվեն եւ չսկսեն հարցերը զենքով լուծելու փոխարեն լուծել օրենքով ու բարոյականությամբ:

Չանցավ մի քանի շաբաթ, ու պարզվեց, որ Հայաստանում շարունակում են զենքով հարցեր լուծել: Ըստ ամենայնի, Հայաստանի ամենահարավային մարզում չէին լսել այն հայտարարությունները, որ ոստիկանապետն արել էր ամենահյուսիային մարզում: Երեւի Վովա Գասպարյանի խոսքերը Գյումրիից Գորիս չէին հասցրել հասնել մի քանի շաբաթվա ընթացքում: Բայց զարմանալի է, որ ոստիկանապետն էլ Գորիս չհասավ՝ այնտեղ աղմկոտ միջադեպից հետո: Վովա Գասպարյանը Գորիս չգնաց:

Նա իհարկե մի քանի օր առաջ հավանաբար անցել էր Գորիսով, երբ գնացել էր Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ ձեւավորում էր ոստիկանական «հրեշտակների» նոր ջոկատը: Երեւի պետք էր առաջինը Գորիսում «հրեշտակներ» ձեւավորել, որպեսզի արդեն իսկ ձեւավորված ու հասունացած «հրեշները» դադարեին իրենց հրեշագործությունները տարատեսակ բռնությունների տեսքով: Ըստ ամենայնի, դրա համար էլ Վովա Գասպարյանը չգնաց Գորիս: Գնար, որ ի՞նչ աներ, եթե անելիքը պետք էր մինչեւ սպանությունն անել:

Ոստիկանապետը, որ բաց չի թողնում իր մասնագիտական օպերատիվությունն ու արտիստիկ տաղանդը ցուցաբերելու որեւէ հնարավորություն, այս անգամ լուռ էր: Միգուցե նրա փոխարեն կխոսեն գործերը, բայց հաստատ ոչ այնպես գեղեցիկ, որքան ինքը Վովա Գասպարյանը: Մինչդեռ գեղեցկությունը Հայաստանի պետական կառավարման գործընթացում ամենեւին երկրորդական կամ կեղծ կատեգորիա չէ: Գեղեցկությունը առանցքային չափանիշ կամ չափորոշիչ է, որից սակայն Սյունիքի դեպքը կարծես թե զերծ է պահվում: Կարդալ ավելին