Ամեն անգամ չի կարող մի փողատեր գալ ու ասել՝ ես այստեղ ուզում եմ շենք ունենալ․ Անահիտ Թարխանյանը՝ Ֆիրդուսի թաղամասի մասին

«Մեդիալաբի» հարցազրույցը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ

– Տիկի՛ն Թարխանյան, օրեր առաջ դուք հանդիպել էիք նախագահի հետ։ Ինչո՞ւ էիք հանդիպել, ի՞նչ քննարկեցիք։ Կներկայացնե՞ք։

– Հանդիպման առիթը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շուրջը ձևավորվող այգու ապագան էր։ Դուք գիտեք՝ այս տարվա սկզբին նախագահը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ ձևավորել «Հայ պարկ» Եղեռնի հուշարձանի շուրջը։ Ճիշտն ասած՝ նույն մոտեցումը ունեինք նաև մենք։ 

Երկար տարիներ այգին շատ վատ վիճակում է, և հիմնական խնդիրներից մեկը այգու ոռոգման համակարգի բացակայությունն է։ Անցյալ տարվա հրդեհը այրել է հարավային լանջի գրեթե մեծ մասը։ 

Եթե ոռոգում չկա, տարածքը չոր է, լուրջ խնդիրներ են առաջանում ոչ միայն այգու, այլ նաև հուշարձանի համար։ Մեր կազմակերպությունը դեռ անցյալ տարի ուսումնասիրել էր՝ ինչպե՛ս, ի՛նչ մեթոդաբանությամբ կարելի է կազմակերպել ոռոգումը, կանաչ այգի ձևավորելու համար ի՛նչ մոտեցում պետք է որդեգրել։ 

Նախագահի հետ հանդիպման նպատակը առաջին հերթին հասկանալն էր՝ որո՛նք են մեր քայլերը, և ի՛նչ կարելի է անել։ Ընդհանուր առմամբ, պատկերացրեք՝ 125 հա տարածք է, որը տարիներ շարունակ ոռոգվել է մինչև վերջին տասնամյակը, մինչ այդ շատ լուրջ մշակում է իրականացվել, հուշարձանի կառուցումից հետո տնկվել են ծառեր, և ամեն մի ծառը նվիրված էր ցեղասպանության զոհերի հիշատակին, այսինքն՝ 1 միլիոնից ավելի ծառեր էին տնկված։ 

Ես և մեր հետազոտական խումբը առաջարկում ենք տարածքի բարձունքում ձևավորել արհեստական ջրամբար, որտեղից մի քիչ ներքև գտնվում է Հրազդան գետը, տեղադրել արևային մարտկոցներ, բարձրացնել ջուրը, արդյունքում ձևավորել կայուն անտառ։ Կստեղծվի այնպիսի միջավայր, որ խոնավությունը կպահպանվի հողի մեջ, իսկ ոռոգումը կիրականացվի փոքրիկ առվակների միջոցով։ 

Այսպիսի ոռոգումն ընդունելի է անտառապատ տարածքների համար։ Հիմա կարծես սպասում ենք Կառավարության որոշմանը, որ կարողանանք հետագա քայլերն անել, քանի որ իրավական որևէ հիմք չկա։ Ես նախագահի հետ զրույցից որքան հասկացա՝ Կառավարությունը ծրագրին կողմ է, ուղղակի որոշումը պետք է հաստատի։

– Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շրջակա ամբողջ տարա՞ծքն է ընդգրկելու անտառային հատվածը։

– Այո՛, այդ հատվածը հնարավոր չէ բաժանել և մարզահամերգային համալիրի հատվածը առանձին դիտարկել Ծիծեռնակաբերդի տարածքից։ Եթե դրանք առանձին դիտարկվեն, և վաղը-մյուս օրը մի հատվածը չոռոգվեց, ապա հրդեհը մի տեղից մյուսն է փոխանցվելու։ Դրա համար ծրագրում պետք է ընդգրկել ամբողջ բարձունքը ու այդ ամբողջ տարածքը պետք է ոռոգել։

– Այդ տարածքը կհամարվի Երևանի թոքե՞րը։ 

– Դա Երևանի թոքերից մեկը պետք է դառնա, որովհետև Երևանի թոքերի համար այդ տարածքը շատ քիչ է։ Բայց եթե մենք մտահոգ ենք ու ուզում ենք վերականգնել Երևանի այն մինիմալ կանաչ զանգվածը, որ անհրաժեշտ է ամեն մի անձի, պետք է հետևողական լինենք ու ամեն հնարավոր տարածք օգտագործենք ու ծառ տնկենք։ 

Ես շատ եմ քայլում Երևանում և կարող եմ վստահորեն ասել, որ Երևանի ծառերի 90 տոկոսը չի ջրվում։ Շատ լուրջ, բնապահպանական աղետի առջև ենք կանգնած։ 100 տարի առաջ, երբ Թամանյանը եկավ Հայաստան և սկսեց նախագծել Երևանի գլխավոր հատակագիծը, Երևանը փոքր, փոշոտ, քամիներով լիքը, արևային, շատ շոգ գավառական մի փոքր քաղաք էր, և առաջինը, որ սկսեցին անել մեր նախնիները, այգիներ ձևավորելն էր։ 

Արդյունքում՝ 90-ականների վերջում մենք արդեն ունեինք բավականին կանաչապատ Երևան և լավ ոռոգվող քաղաք։ Նույնիսկ այն ժամանակ մենք՝ ճարտարապետներս, ասում էինք, որ կանաչապատման տոկոսը ցածր է։ Հիմա դա, պատկերացրեք, նվազել է 3-4 անգամ։ Մենք այդպիսի աղետալի վիճակում ենք գտնվում։

– Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք այդ կանաչ զանգվածը ավելացնելու, և ինչի հաշվին դա կարող է լինել։

– Իհարկե տեսնում եմ։ Կարող եմ ձեզ ցույց տալ բազմաթիվ լանջեր, կարող եմ ցույց տալ ճանապարհների կողքին ասֆալտի տակ մնացած չորացած ծառեր, որոնք պետք է նորից դրվեն։ Հենց Օպերայի հրապարակի շուրջը ծառերի մեծ մասը հատվել է, սրճարաններ են տեղադրվել, որոնց հարցը պետք է լուծվի։ 

Կան սրճարանային տարածքներ Երևանի կենտրոնում, որտեղ հնարավոր է կանաչ զանգվածն ավելացնել։ Եվ իհարկե, բոլոր հատվածներում, որ քայլեք, կտեսնեք բազմաթիվ ծառեր, որոնք չորացել են, որովհետև ջուր չկա։ 

– Խնդրում եմ, անդրադառնանք նաև Ֆիրդուսի թաղամասին, որի կառուցապատման նախագիծը կա, և բարձրահարկ շինություններ են նախատեսում կառուցել։ Ի՞նչ կարծիքի եք։

– Դա շատ մեծ խնդիր է և առաջին հերթին կապված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հետ։ Դա Երևանի քաղաքի զարգացման գլխավոր օրենքն է, որի մշակման մեջ ներգրավվում են տասնյակ տարբեր կազմակերպություններ, գերատեսչություններ։ 

Երկու տարի առաջ, երբ քաղաքապետը՝ Հայկը, եկավ ընտրվեց, առաջինը, որը պետք է աներ, վերցներ գլխավոր հատակագիծը, հանձնարարական տար բոլոր ստորաբաժանումներին և նախարարությունների հետ համատեղ սկսեր գլխավոր հատակագծի զարգացումը։ 

Այսպես քննարկումների արդյունքում պետք է հաստատվեր Երևանի գլխավոր հատակագիծը, ինչից հետո բոլոր հարցերը համալիր լուծում կստանային, այդ թվում՝ Ֆիրդուսի թաղամասի հարցը։ 

Ֆիրդուսի թաղամասը պետք է անցներ իր վերլուծությունը մի կողմից պատմամշակութային, մյուս կողմից՝ տրանսպորտային վերլուծություն պետք է ներկայացվեր՝ ինչ ճանապարհներ են լինելու, ինչ կանգառներ են լինելու։ 

Կարո՞ղ է արդյոք այդ տարածության մեջ եթե նախկինում բնակվել է 20 ընտանիք, բնակվի 500 ընտանիք։ Չի՛ կարող։ 

Պատմականությունը՝ Ֆիրդուսի տարածքը հնում հայտնի շուկա է եղել, աշխարհում շուկաները ամենամեծ տուրիստական գոտիներն են, և մշակույթի նախարարությունը, տուրիզմի գործակալությունը պետք է համատեղ քննարկեին՝ ի՞նչ են ուզում այնտեղ ունենալ։ 

Ոչինչ չի արվել, մի քանի հոգի նստում են, որոշում են։ Բայց այդպես չի լինում։ Այդ տարածքի վերաբերյալ հարցը պետք է ստանար համալիր լուծում, պետք է արտահայտվեին բոլորը։ Չի կարող քաղաքը ունենալ հատվածական լուծում։ Ամեն անգամ չի կարող մի փողատեր գալ ու ասել՝ ես այստեղ ուզում եմ շենք ունենալ։

– Մասնագիտական հանրույթը կարծես չի փորձում բողոքել, դուք էլ պասիվ եք, դժգոհություն չեք հայտնում։ Ի՞նչն է պատճառը։

– Ես հոգնել եմ դժգոհելուց։ Ես հոգնել եմ։ Այնքան, ինչքան ես եմ դժգոհում․․․ Ես ամեն տեղ չեմ կարող հասցնել և դրա համար իմ ուժերը կենտրոնացրել եմ մի քանի օբյեկտի շուրջ, որոնք, գտնում եմ՝ պետք է վերականգնվեն, վերակառուցվեն։ Դրանք շատ մեծ դեր են խաղում Հայաստանի զարգացման մեջ։ Իսկ մնացած հարցերը թողնում եմ ավելի երիտասարդներին, որ նրանք այդ հարցերով զբաղվեն։ 

– Տիկի՛ն Թարխանյան, այս կառուցապատման ծրագիրը դեռ նախորդ կառավարության ժամանակ կար, փոխհատուցումներն արվում էին, ի՞նչ կարող էր փոխել նոր կառավարությունը։

– Բա ինչի՞ համար մենք հեղափոխությունը արեցինք, որ նստենք ու նախկին կառավարության, որին մենք մերժեցինք, որից մենք հրաժարվեցինք, ծրագրերը շարունակե՞նք։ Բա ինչի՞ համար էր հեղափոխությունը, թե՞ մտածենք՝ հեղափոխություն չի եղել։ Մեր բոլորի ջանքերն ինչի՞ համար էին։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am