«Մոտ ժամանակներս կիմանանք, թե այս անգամ ինչի դիմաց է Ադրբեջանն ազատ արձակել գերիներին». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը

-Պարոն Ղուկասյան, նախօրեին 5 գերի վերադարձավ , և մենք տեսանք, որ նրանց դիմավորելու էր գնացել ՌԴ դեսպանը, իսկ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը չկար օդանավակայանում: Ինչպե՞ս եք սա գնահատում, Ռուսաստանը գնալով ավելի՞ է ամրապնդվում Հայաստանում:

– Դժվար է այդպիսի եզրակացություն անել, որովհետև շատ քիչ տեղեկություն կա այդ իրադարձության մասին: Այս գերիների ազատ արձակումը ես կկապեի Մոսկվայում վերջերս տեղի ունեցած բանակցությունների հետ, որին ներգրավված էին նաև երեք երկրների հոգևոր առաջնորդները:

Թե ինչի՛ դիմաց ազատ արձակեցին այդ մարդկանց՝ երևի դեռևս չենք կարող գուշակել, բայց մոտ ժամանակներս կիմանանք: Ըստ էության, մեր գերիները գտնվում են պատանդի կարգավիճակում, և Ադրբեջանը, բնականաբար, եթե որևէ մեկին ազատում է, ապա ինչ-որ բանի դիմաց է ազատում:

– Այսինքն՝ այս 5 մարդու վերադարձը Հայաստան կոնկրետ գի՞ն ունի:

– Այո՛, մինչ օրս այդպես է եղել, ինչ-որ բան Հայաստանը կամ զիջել է, կամ տրամադրել է, կամ ինչ-որ քայլ է արել հօգուտ Ադրբեջանի:

– Քանի որ Հաագայի դատարանում հայ գերիների հարցն էր քննարկվում, հնարավո՞ր է, որ սա որոշակի առումով ազդեցություն ունեցած լինի գերիների ազատ արձակման հարցում:

– Իմ կարծիքով՝ Ադրբեջանը որոշում է կայացրել, որ դուրս է գալու Եվրոպայի խորհրդից և դրա համար գերադասում է անտեսել և՛ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ շատ հստակ են գերիներին վերադարձնելու պահանջը և մյուս դրույթները, որոնք այնտեղ կան: Ամենակարևոր հարցն այն է, որ ԵԽ-ն պետք է գնահատական տա՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է թույլ տվել ուժի չգործադրման սկզբունքի խախտումը:

Ադրբեջանը պնդում է, որ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին հայկական զինված ուժերն են հարձակվել Ադրբեջանի զորքերի վրա, և իրենք հակահարված են տվել: Այդ վարկածին, Ադրբեջանից բացի, ոչ ոք չի հավատում աշխարհում: Ենթադրել, որ այդպիսի դրույթի վրա կարելի է քաղաքականություն կառուցել, միամտություն կլիներ:

Հավանաբար Ադրբեջանում հասկանում են, որ իրենց ապագան Եվրոպայի խորհրդում վտանգված է, և իրենք պատրաստ են լքելու այդ կառույցը, դրա համար էլ անտարբեր են:

– Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Բաքվից եկող դրական ազդակների մասին: Դուք նման ազդակներ նկատո՞ւմ եք, թե՞ սրանք չափազանցված դիտարկումներ են:

– Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ապրում է ուրիշ մոլորակի վրա, որովհետև, համենայնդեպս, հանրության ստացած ազդակները ընդամենը 10 օր առաջ Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությունն է, մի քանի օր առաջ Երասխի գնդակոծությունն է, որի հետևանքով հրդեհ բռնկվեց:

Այդ ֆոնին դրական ազդակների մասին խոսելը ողջամիտ չէ: Համենայնդեպս այն, ինչը մարդիկ ամեն օր տեսնում են, խոսում է լարված վիճակի մասին:

– Դրական ազդակների մասին հայտարարություններն արդյոք վկայո՞ւմ են այն մասին, որ Հայաստանն այսօր էլ լուրջ չի վերաբերվում Ադրբեջանից եկող սպառնալիքներին:

-Շատ դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր դրական ազդակների մասին այն իրավիճակում, երբ լարված իրադրություն է թե՛ հայ-ադրբեջանական հատվածում, թե՛ Արցախի հետ սահմանին: Հայաստանի այսօրվա իշխող թիմն անտեսում է այդ իրողությունը և ինչ-որ այլ տիրույթում է գտնվում: Այլ կերպ դա անհնար է գնահատել:

Քո խաղաղ բնակչին սպանում են, իսկ դու խոսում ես դրական ազդակներից, ո՞ր պետությունն իրեն նման բան թույլ կտար, միայն այն պետությունը, որը համարում է, որ թշնամին իրավունք ունի այդպիսի բաներ անելու, իրավունք ունի սպանելու, խախտելու հրադադարը, և այդ դեպքում առհասարակ ողջամիտ տրամաբանության մեջ որոնել, թե ինչ նկատի ունի այդպիսի տեսակետ ունեցող ղեկավարը, շատ դժվար գործ է:

– Հաշվի առնելով հնարավոր գործարքը, որի արդյունքում գերիներ են վերադարձվում, առաջիկայում հնարավո՞ր է պարբերաբար գերիների վերադարձի ականատես լինենք:

– Դա մեր բոլորի հույսն է, որ մեր հայրենակիցներն օր առաջ ազատ արձակվեն ու վերադառնան: Հումանիտար առումով մենք, կարծում եմ՝ Հայաստանում բոլորս, համակարծիք ենք, որ գերիները պետք է օր առաջ վերադառնան: Ինչ քաղաքականություն է դրա շուրջը ընթանում, բոլորը տեսնում են: Գերիների հանգամանքը Ադրբեջանը դարձրել է Հայաստանի դեմ քարոզչական պայքարի էլեմենտ, գերիներին ներկայացրել է քրեական մեղադրանքներ: Ա

յսինքն՝ Ադրբեջանը փորձում է նրանց ներկայացնել ոչ թե որպես ռազմագերիներ, այլ որպես ահաբեկիչներ: Մենք այդ գնահատականը լսեցինք նաև ԱՊՀ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևից, և դա որևէ հակադարձ պատասխան չստացավ:

Հայաստանը համակերպվել է, որ մեր զինվորները, որոնք անհասկանալի պատճառներով հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ, որովհետև այդ մարդկանց մեծ մասը գերի էր դարձել ռազմական գործողությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 21-ին, և առայսօր պարզ չէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Դա եղել է մեր բացթողո՞ւմը, թե՞ եղել է պայմանավորվածություն՝ միակողմանի Ադրբեջանին վերադարձնել այդ տարածքները, սակայն զինվորները չեն կատարել այդ հրամանը, թե՞ եղել է մեկ այլ բան, այս հարցի շուրջ հանրությունը պարզություն չունի, և այդ հարցը շարունակում է օդում կախված մնալ:

Ի՞նչ է տեղի ունեցել Խծաբերդում, և ինչո՞ւ է Իլհամ Ալիևը ներկայացնում այդ մարդկանց իբրև ահաբեկիչներ, ոչ թե Հայաստանի բանակի կամ Արցախի ՊԲ զինվորներ: Սա շատ կարևոր հարց է, և ինձ համար անընդունելի են մեր իշխանությունների փորձերը՝ լռությամբ շրջանցել այդ հարցերը և տպավորություն ստեղծել, թե այդպիսի հարց չկա կամ երկրորդական է: Բնականաբար, ԱՊՀ այս վերջին հանդիպումից հետո առավելևս դա ակտուալ հարց է, և Հայաստանը դրան որևէ կերպ չի արձագանքում:

Մանե Հարությունյան

MediaLab.am