Այն, որ ֆեյսբուքյան հայ օգտատերերի Զատիկի սեղանները մեծ մասամբ կաթոլիկ Զատիկի և հայկական ավանդական սեղանի խառնուրդ էր, այս տարի դա լրիվ ակնհայտ էր: Կուլիչներ, շոկոլադ, նապաստակ, դոնդող և Զատիկի հայկական ավանդական սեղանի հետ ընդհանրապես կապ չունեցող տարատեսակ այլ կերակուրներ:
Այս տարի այլ աչքերով նայեցի մայրիկիս. Հավանաբար ես այն շատ քիչ բախտավոր մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր 30 տարի շարունակ Զատիկի օրը տեսել է միևնույն կերակուրներից, չփոփոխված սեղանը` միայն բնական ներկանյութերով ներկած կարմիր ձու, ձուկ, բրնձով, լավաշով, չրեղենով ու չամչով փլավ, բանջար` սպանախ, այլ բանջարեղեն, կարմիր գինի:
Ինչպես ասում են, ինչ տեսնես այն էլ կսովորես։
Մայրս ավանդույթները ժառանգել է իր Անթառամ տատուց, ես` մորիցս:
Այսօր էլ Զատիկի հայկական սեղանը մեր ֆրանս-հայկական ընտանիքում պահպանվում է ամենայն ճշգրտությամբ: Եվ պարզեցինք մի հրաշալի բան. եվրոպացիները մեծ հարգանքով և հիացմունքով արձագանքեցին տոնական սեղանին:
Սկեսուրս անգամ խնդրեց կերակուրների հայկական անվանումները գրել, որ մանրամասն պատմի կոլեգաներին: Տոնական երեկոն անցավ հրաշալի մթնոլորտում։ Ամբողջ երեկոն զրուցում էինք հայերի, Հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեության, ինչպես նաեւ մեր ավանդույթների եւ կերակրատեսակների մասին։
Երջանիկ էի ու հպարտ, որ առանց գույնզգույն ուտելիքի մի պարզ սեղանը կարող է այդքան էմոցիաներ առաջացնել մարդկանց մոտ:
Իսկ հաջորդ օրը արդեն ներկա էինք սկեսուրիս կազմակերպած` կաթոլիկ ավանդական Զատիկին, նվերներ, շոկոլադե նապաստակներ և հավկիթներ, որոնք տղաս փնտրում էր այգում և գտնելով` հրճվում:
Ես էլ իրեն նայելով մտածում էի, որ իսկապես բախտավոր մարդ է մեծանալու` իր մեջ կրելով երկու մշակույթների ժառանգությունը: Եվ կարևոր է հայկական ավանդականը պահպանել, այն ունի յուրահատուկ խորհրդավորություն, որը ձգում է անգամ օտարերկրացիներին:
Հետաքրքիր ազգ ենք մենք. Երկրի ներսում ավանդականը հաճախ խառնվում է արտասահմանյանին, կորցնում ազգային դեմքը:
Երբ մի քանի օր առաջ Հայաստանում ապրող ընկերներիս հարցրեցի, ինչ նպատակ ունի սլավոնական կուլիչը Զատիկի սեղանին դնելու, այդպես էլ արձագաք չստացա, բայց միևնույն է, գրեթե ամեն երկրորդ նկարում կաթնահունցին փոխարինել էր մեզ համար խորթ ռուսական հացը:
Եվս մի քանի տարի, և կուլիչները ու նապաստակնեը կդառնան ավադական հայկական սեղանի անբաժանելի մաս:
Լավ է, թե վատ, ամեն մեկն ինքը պիտի որոշի, համաձայն եմ։
Ես վերջերս իսկապես եկա նման եզրահանգման. Երկրից դուրս, երբ կարիք ունես ազգայինդ ընդգծելու, ավանդույթները զտվում են, վերադառնում արմատներին:
Մի ծիծաղեք ընկերներ, երբ ձեզ ասում են դրսում հայերը ավելի ավանդական են քան Հայաստանում: Սա իսկապես մեր ազգային բնավորության ունիկալ հատկանիշ է. Խառնվել մյուսներին և մնալ հայ:
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog