ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։
Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում: Հավելենք նաև, որ ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։
Նախարարի տեղակալի կողմից կարևորվել է պետական մարմինների և հասարակության հետ հարաբերություններում հնարավորինս թափանցիկ գործելաոճի որդեգրումը՝ հատկապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի առնչությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: