«Եվրոպացիները աշնան համար արդեն ամրագրումներ են չեղարկել, և պատճառը պատվաստման ցածր ցուցանիշն է». Յաշա Սոլոմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանը

– Պարո՛ն Սոլոմոնյան, ամառն ավարտվում է, ենթադրվում է՝ նաև ակտիվ զբոսաշրջային սեզոնն է ավարտվում: Ինչպե՞ս էր այս տարին ոլորտի համար, որոշակի ամփոփում կարո՞ղ եք ներկայացնել:

– Այո՛, զբոսաշրջության ոլորտի համար շատ ակտիվ ամառ էր: Ներքին տուրիզմի մասով հատկապես բացառիկ ամառ էր: Հայաստանցիները երկրի ներսում շատ ակտիվ ճամփորդեցին այս տարի:

– Այսինքն՝ 2020-ի համավարակի ակտիվ շրջանի նման այս տարի ևս ներքին տուրիզմում աշխուժությո՞ւն եք գրանցել:

– Այո՛, այո՛, այդ ալիքը պահպանվեց, դեռ մի բան էլ ավելացավ: Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, այո՛, այս տարի ներգնա տուրիզմի շարժ կար: Ընդ որում՝ բավական հետաքրքիր շուկայական փոփոխություններ տեղի ունեցան. շատ ակտիվացավ ասիական, ավելի շատ՝ Մերձավոր Արևելքի շուկան, արաբական երկրներից սկսեցին բավական շատ մարդիկ գալ, Հնդկաստանից բավական մեծ շարժ եղավ, ինչպես նաև՝ Ռուսաստանից:

– Ինչո՞վ էր պայմանավորված այդ աշխարհագրական փոփոխությունը:

– Մի քանի բացատրություն կա. նախ՝ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի հետ կապված դեռ վախենում են գալ, չնայած բացել է սահմանները: Բացի այդ, Եվրոպայից մեր հյուրերը ամեն տարի եղել են ավելի մեծահասակները՝ 60-70 տարիքի անձինք, որոնք հիմա, սակայն, վախենում են առհասարակ ճանապարհորդել:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ հիմա երիտասարդացել է ճամփորդողների տարիքը, և հիմա ճամփորդում են ավելի անվախները:

Փոխարենը՝ Հայաստանը արաբական երկրների համար բավական հետաքրքիր ուղղություն է՝ որպես ազատ, պատմական, մշակութային ժառանգություն ունեցող երկիր: Ի դեպ, Հնդկաստանից շատերն են գալիս Հայաստան, և դրանք այն մարդիկ են, որոնք Դուբայում են աշխատում ու, ըստ կանոնների, մինչև Դուբայ մտնելը պետք է երրորդ երկրում կարանտին անցկացնեն, և Հայաստանն էլ, ստացվում է, շահում է:

Անփոփոխ է մնում ռուսական շուկան, քանի որ նրանց համար շատ ուղղություններ փակվում էին, և որպես այլընտրանք նրանք ընտրում էին Հայաստանը: Մինչև հիմա էլ Ռուսաստանից այցելությունների մեծ ալիքը պահպանվում է:

– Ինչ եք կարծում՝ կշարունակվի՞ այս հոսքը նաև աշնան ամիսներին:

– Իրականում շատ դժվար է կանխատեսել, քանի որ կորոնավիրուսի դելտա շտամի ակտիվացմամբ պայմանավորված՝ առողջապահական համակարգի կանխատեսումները վատատեսական են: Ցավոք, եթե նաև հաշվի առնենք, թե պատվաստման մակարդակը որքան ցածր է Հայաստանում, ապա վախենամ՝ ունենանք լոքդաունի շրջան, որից կարող է տուժել նաև տուրիզմը:

Եթե այս օրերի վարակակիրների տեմպը պահպանվեց, կարծում եմ, բնական է, որ մոտակա մեկ ամսից լոքդաուն հայտարարելու խնդիր առաջանա: Էլ չեմ ասում, որ նախորդ ամիսներին արձակուրդ էր, շփումն էր քիչ, հիմա երբ շուտով կբացվեն ուսումնական հաստատությունները, մարդիկ վերադառնում են աշխատանքի, շփումը շատանում է, և վարակի տեմպն էլ կարագանա: Պետությունը ստիպված է գնալ լոքդաունի, ինչը կբարդացնի զբոսաշրջության ոլորտի վիճակը:

– Իսկ կա՞ն ամրագրումների չեղարկումներ՝ հաշվի առնելով նման կանխատեսումները:

– Այո՛, կոնկրետ իմ դեպքում՝ ես աշնանն ունեի Եվրոպայից խմբեր, ու բոլորը չեղարկվել են, և պատճառը կորոնավիրուսն է ու, մասնավորապես, պատվաստման ցածր մակարդակը:

Անձամբ տուրիստները վախենում են, չեն ուզում այդ պատճառով գալ Հայաստան:

– Կարծում եք՝ եթե պատվաստման բարձր ցուցանիշ լիներ, չէի՞ն չեղարկի:

– Բնականաբար, եթե լիներ պատվաստումների բարձր շեմ, որը այսօր կա եվրոպական մի շարք երկրներում, որի առանձին երկրների բնակչության 80 տոկոսն արդեն պատվաստվել է, բնական է, որ չեն ուզի հավելյալ ռիսկի ենթարկել իրենց:

Մարդիկ պետք է հասկանան, որ փաստի առաջ է կանգնում երկիրը, քանի որ տնտեսական լուրջ վնասներ կարող են համակարգերը կրել: Այլընտրանք չի մնում, քան պատվաստվելը: Պետք է հարցին սառը նայել՝ առանց էմոցիաների ու կոնսպիրոլոգիական մոտեցումների:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am