«Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը ավելի խիստ պայքար մղելու հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն». փաստաբան 

«Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը ավելի խիստ պայքար մղելու հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն». փաստաբան 
«Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը ավելի խիստ պայքար մղելու հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն». փաստաբան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, վերջին շրջանում քրեական տարրերի ակտիվություն է նկատվում, նրանց մասնակցությամբ հանցագործություններն աճել են: Վերջին շրջանում միայն երկու քրեական հեղինակություն է սպանվել Երևանում: Ինչո՞վ է բացատրվում այս իրավիճակը:

– Բացատրվում է նրանով, որ, այսպես կոչված, հանցավոր աշխարհը դեռևս շարունակում է կենսունակ մնալ Հայաստանում: Ոչ ֆորմալ այդ ինստիտուտները շարունակում են գոյություն ունենալ, և կա սոցիալական մի առանձին շերտ, որն իր հարցերը կարգավորում է հրազենի միջոցով կամ օրինական միջոցներից դուրս գտնվող իրենց աշխարհընկալման կանոններով: Դա անթույլատրելի է, կարծում եմ՝ այս առումով ՀՀ իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն:

Իրավապահները պարտավոր են ուղղակի արմատախիլ անել քրեական մշակույթը, ջարդել այդ համակարգի ողնաշարը և թույլ չտալ, որ հանցավոր աշխարհը երկրում որևէ շոշափելի դերակատարում կամ թեկուզ իր գոյության մասին հիշեցնելու հնարավորություն ունենա: Ես տարակուսած եմ այս հանգամանքից:

Չպետք է թույլ տալ, որ նույնիսկ մեկի մտքով անցնի, թե իրավապահ համակարգը թույլ է: Պետք է կոշտ բռունցքը մշտապես պահել հանցագործ աշխարհի գլխին՝ անհրաժեշտության դեպքում այդ գլուխը ջարդելու հեռանկարով:

– Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կոշտ պայքար է ընթանում հանցավորության դեմ, ոստիկանությունը պարբերաբար «ասֆալտին փռելու» օպերացիաներ է իրականացնում: Այս գործողություններն ինչո՞ւ չեն զսպում այդ շրջանակներին:

 – Ընդհանրապես այդ տեսարաններն ու շոուները գալիս են Հռոմեական կայսրությունից: Դրանք երբեմն անհրաժեշտ են որոշակի մթնոլորտ ստեղծելու, բայց բավարար չեն հանցավորության դեմ պայքարելու համար: Հանցավորության դեմ պայքարելը միայն հատակին կամ ասֆալտին պառկեցնելն ու պատին ծեփելը չէ: Հանցավորության դեմ պայքարը մասնագիտություն է, ամենօրյա քրտնաջան աշխատանք, ենթադրում է պրոֆեսիոնալ կարողությունների գործադրում և նաև օրենսդրության կիրառում:

Հետևաբար, հանգել հետևության, որ միայն այդ տեսարանների շնորհիվ հնարավոր է արմատախիլ անել հանցավոր բարքերը, ես կարծում եմ՝ միամտություն ու ինքնախաբեություն է: Հայաստանի Հանրապետությունում հանցավոր բարքերը վերացնելու համար նախ անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում տիրող արժեհամակարգն ուղղակի ջնջել, ոչնչացնել:

Քրեակատարողական հիմնարկները քրեական դպրոցներ են, որտեղ որոշակի սոցիալական խմբեր ուղղակիորեն դաստիարակվում կամ դաստիարակում են իրենց արժեհամակարգին բնորոշ արժեքներով: Եվ քրեակատարողական հիմնարկներից դուրս եկող անձինք ուղղակի իրենց արժեհամակարգը տարածում են փողոցներում, գյուղերում, քաղաքներում, դպրոցներում, ամենավատը՝ բանակում: Եվ մեծ ողբերգությունների հիմնական մասը գալիս է, այսպես կոչված, հարց լուծողների պատճառով:

Ուստի ես կարծում եմ, որ մեզ պետք է շատ խիստ ոստիկանություն: Մենք պետք է ստեղծենք այն ոստիկանությունը, որը պետք է դառնա հանցավոր աշխարհի ահն ու սարսափը, բայց որը միաժամանակ կգործի օրինականության դաշտում ու իրավաչափ: Պետք են արմատական ու բեկումնային քայլեր՝ այդ ոլորտում բեկումնային հաջողություն արձանագրելու համար:

– Ընդհանրապես, հասարակության մեջ քրեական մշակույթն ու արժեհամակարգն ինչպե՞ս վերացնել:

– Այո՛, ես հեռու եմ այն մտքից, որ միայն ոստիկանությունում է խնդիրը: Այդ քրեական մշակույթը ջարդելու համար մեզ նորմալ կրթություն է պետք, մեզ նորմալ դաստիարակություն է պետք: Կան հանգամանքներ, որ մենք ինքներս պետք է փոխվենք: Այսինքն՝ սա լուրջ, գլոբալ խնդիր է: Ես կարող եմ սա գնահատել որպես ազգային անվտանգության ներքին սպառնալիքներից մեկը: Ուստի, այս առումով անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ:

– Ի՞նչ եք նկատում, նախորդ իշխանության օրոք կարող էր հանցավոր աշխարհի ներկայացուցիչների «լռությունը» նրանով պայմանավորված լինել, որ նրանք նախկին իշխանությունների հետ փոխկապակցված լինելով՝ ճնշվում էին որոշ չափով: Գուցե նրանց ակտիվացումը նաև այս գործոնո՞վ է պայմանավորված:

– Եթե այն ժամանակ տեղեկություններ, անգամ հաստատված հանգամանքներ կային, որ քրեական տարրերը սերտաճել էին իշխանության հետ, այսօր չկա նման դեպք: Ավելին, նախկինում կային քրեական տարրեր, որոնք ուղղակիորեն ներթափանցել էին պետական և տեղական ինքնակառավարման համակարգ: Այս իշխանության դեպքում, սակայն, այդ մասին չենք կարող խոսել: Բայց դա չի խոսում այս իշխանության օգտին այն առումով, որ նրանց ոչ մի բան չի կաշկանդում, ինչո՞ւ չեն գործում:

Ոչ ոք չի բռնում այս իշխանության ձեռքերը, այս իշխանությունն ավելի խիստ պայքար պետք է մղեր կամ մղի հանցավորության դեմ՝ չունենալով ոչ մի կաշկանդվածություն: Եթե նախկինները սերտաճած էին միմյանց հետ կամ կոծկում էին միմյանց հանցագործությունները, ապա ի՞նչն է խանգարում այսօրվա իշխանությանը որակյալ ու պրոֆեսիոնալ պայքար մղելու հանցավորության դեմ: Այս համեստ վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ ինձ համար հասկանալի ու ընդունելի չէ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am