«Սրբություն ունեցողը էս քայլին չէր գնա». կմիջնորդեն կասեցնել զոհված զինծառայողների ծնողների դեմ ոստիկանության հայցերի քննությունը 

44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը, պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ու ծնողների նկատմամբ ոստիկանության «կարմիրբերետավորների» կողմից Եռաբլուրում բռնության դեպքի տրամաբանական շարունակությունն է համարում այդ ծնողների դեմ վարչական դատարան ոստիկանության ներկայացրած հայցը: 

«Շատ մեղմ բառերով կասեմ՝ սրբություն չունեն, անգամ շատ փոքր սրբություն ունեցողը էս քայլին չպետք է գնար, սրանք անսուրբ են, էլ ոնց ասեմ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Վիգեն Ազատյանը:

Վերջինը 44-օրյա պատերազմում կորցրել էր միակ որդուն, և այս տարի ամռանը նրանց տանը ծնվել էր նոր Արման Ազատյան:

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողները, անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ, Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն: Նույն օրը ոստիկանությունը հայտարարել էր, որ այդ անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: 

Սակայն զինծառայողների ծնողներն ու հարազատները հակադարձում էին, թե ոստիկանները իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել. պարզապես եկել ուժի գործադրմամբ բերման են ենթարկել իրենց:

Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից 5-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով»։ Առայժմ չի հաղորդվել, որ այս վարույթի շրջանակներում որևէ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել:

Թեև որևէ ոստիկան չի պատժվել սևազգեստ կանանց բռնի ուժով ճնշելու և նրանց Եռաբլուրից հեռացնելու համար, այդուհանդերձ, ոստիկանությունը վարչական դատարան հայցեր է ներկայացրել՝ պահանջելով տուգանել ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարած ծնողներին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով այս արարքի համար սահմանվում է 50 հազար դրամ տուգանք:

«Հարցը էդ մի քանի հազար դրամը չէ, հարցը վերաբերմունքն է, մոտեցումը: Եթե կարծում են՝ էդքան դրամով կցավացնեն, չարաչար սխալվում են, ընդամենը իրանց են ցույց տալիս: Այս քայլին ոստիկանության միջին օղակը չի գնացել, այս քայլին գնացել է բարձրագույն ղեկավարությունը՝ իջեցնելով հրահանգ, որին ներքևի օղակների ծառայողները չէին կարող չենթարկվել: Սպասենք դատարանի որոշմանը, դատավորը ցույց կտա իր դեմքը»,- ասում է Վիգեն Ազատյանը:

Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասում է, որ չեն սպասելու դատարանի որոշմանը, միանգամից միջնորդություն են ներկայացնելու՝ կասեցնել այդ հայցերի քննությունը:

«Անգամ առանց միջնորդություն ներկայացնելու դատարանը այդ հայցերի քննությունը պետք է կասեցներ, բայց ինչ որ է, մենք կներկայացնենք միջնորդություն՝ գործերի քննությունը կասեցնելու պահանջով: Ուզում եմ ասել, որ դատարանը իր նախաձեռնությամբ կարող էր կասեցնել այդ հայցերի քննությունը, բայց մենք դրան չենք սպասելու, կներկայացնենք միջնորդություն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փաստաբան Հովհաննիսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am