«Պետք է կանգնենք մինչև վերջ, կորցնելու բան չունենք, մենք չենք փախչում, մեր խնդիրն Արցախը փրկելն է». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերի զարգացումները։ Թշնամու թիրախում վերջին օրերին Շուշին է։

– Իհարկե Շուշին նրանց համար կարևորագույն թիրախներից մեկն է և՛ ռազմաքաղաքական, և՛ բարոյահոգեբանական տեսանկյունից։ 

Մեզ համար էլ և՛ ռազմաքաղաքական, և՛ բարոյահոգեբանական և նաև պատմական նշանակություն ունի Շուշին, և մենք պարտավոր ենք պահել և պաշտպանել Շուշին։ 

Մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Այս ընթացքում թշնամու ռազմավարությունը չի փոխվել, բայց փոխվել են մարտավարական հնարքները, դիվերսիոն խմբեր են օգտագործվում, բայց պետք է նշեմ, որ շատ մեծ կորուստներ են տալիս։ Պետք է կանգնենք մինչև վերջ, մենք կորցնելու բան չունենք, մենք չենք փախչում։ 

Լրացավ պատերազմի 40-րդ օրը, ո՞վ է կարողանալու զսպել Ալիևին, Էրդողանին, երբ նրանք որևէ կերպ ցանկություն չունեն դադարեցնելու։

– Այն, որ Էրդողանն այսպիսի պահվածք ունի, առաջին հերթին միջազգային հանրության մեղքն է, որովհետև նրան ամեն ինչ ներել են՝ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ 

Եվ հիմա տեսնում եք ինչ է անում… տարբեր երկրներում կազմակերպում է ահաբեկչություններ, Եվրոպային ահաբեկում է, ասում՝ որևէ քաղաքացի չի կարողանալու հանգիստ դուրս գալ իր տնից և փողոցով քայլել։ 

Բոլորը լռել են, և հիմա ինչ ճաշ եփել են՝ այն էլ ուտում են և ուզում են այսպես չլինի՞։ Ժամանակին, երբ արատը դեռ շատ փոքր էր և հնարավոր էր առանց արյան և տանջանքների վերացնել, չեն վերացնում, գալիս-հասնում է մի մակարդակի, և այսպիսի իրավիճակ է ստեղծվում։ 

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Էրդողանը վաղ թե ուշ վատ ավարտ է ունենալու, բայց սա այլ խնդիր է։ Հիմա մեր խնդիրը դա չէ, հիմա մեր խնդիրն Արցախը փրկելն է։

– Ստեփանակերտում ինչպիսի՞ն է իրավիճակը։

– Շարունակվում է Ստեփանակերտի հրետակոծումը, մեր հրետանին աշխատում է, բոլորին ոգևորում։ Բայց այդպես էլ պետք է լինի, սա պատերազմող երկրի մայրաքաղաք է՝ թիրախավորված թշնամու կողմից։ 

– Պարո՛ն Բաբայան, Պուտինը նշում է, որ Մոսկվան անում է ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում հրադադար հաստատելու Ռուսաստանի ջանքերը։

– Շատ բարձր եմ գնահատում, որովհետև իրոք մեծ աշխատանք է կատարվում։ Ճիշտ է, այդ աշխատանքը PR-ի չի ենթարկվում, բայց ամեն աշխատանք PR-ով չի որոշվում։

Բայց այն, որ քրտնաջան աշխատանք է իրականացվում, միանշանակ է։ Կարծում եմ՝ առաջիկա ժամանակահատվածում մենք կտեսնենք այդ աշխատանքի արդյունքները։

– Ալիևը հայտարարել է, որ սա երկու կողմերի խնդիրն է, և թող երրորդ կողմ կամ որևէ երկիր չխառնվի։

– Նախևառաջ Մոսկվան ունի իրավական հիմքեր որպես միջնորդ հանդես գալու, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է։

Բացի այդ, Ռուսաստանն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական հիմքեր, որովհետև այսօր սահմանակից է պատերազմի գոտուն։ Ի վերջո ահաբեկիչները ներթափանցել են նաև Ռուսաստանի տարածք։

Գիտենք, որ և՛ Չեչնիայում, և՛ Վոլգոգրադում ահաբեկչական գործողություններ են իրականացվել։ Եվ, վերջապես, նաև պատմական հիմքեր ունի։

Եվ դա կախված չէ նրանից, թե Ադբեջանն ուզում է դա, թե չի ուզում։ Սա ցեղասպանություն է, ինչ է, Ադրբեջանն իրավունք ունի՞ ցեղասպանություն կատարելու:

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այս օրերին ռուսական որոշակի շրջանակներից հնչում են կարծիքներ Արցախը ՌԴ-ի կազմում ունենալու։

– Մենք չպետք է զբաղվենք խնդիրներով, որոնք տեսական քննարկումների արդյունք են։ Հիմա ամենակարևորը պատերազմը կանգնեցնելն է։ Իսկ մնացած քաղաքական հարցերը պետք է քննարկվեն հետագայում։

Մանե Հարությունյան

MediaLab.am