«Հիմա հնարավորություն է ստեղծվում այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մարտի մեկի հանցագործությանը, հարցաքննել». Արթուր Սաքունց

«Հիմա հնարավորություն է ստեղծվում այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մարտի մեկի հանցագործությանը, հարցաքննել». Արթուր Սաքունց
«Հիմա հնարավորություն է ստեղծվում այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մարտի մեկի հանցագործությանը, հարցաքննել». Արթուր Սաքունց

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին առաջիկայում կհարցաքննեն Մարտի 1-ի գործով: Առհասարակ, ի՞նչ կարող է փոխվել այս աղմկահարույց գործերում՝ Մարտի մեկ, Հոկտեմբերի 27, այն դեպքում, երբ արդարադատության համակարգը դեռևս նախկին իշխանության ձեռքին է։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիալաբին» ասում է, թե քանի դեռ Մարտի մեկի գործը նախաքննության փուլում է, հետևաբար դատական իշխանությունը դեռևս անելիք չունի, և հիմնական հարցը ՀՔԾ-ին է վերաբերում.

«Ի դեպ, երկար տարիներ, երբ հարցումներ էինք ուղարկում այս կամ այն պաշտոնատար անձին՝ Մարտի մեկի հետ կապված հարցաքննելու, որևէ բան չէին ասում կամ տեղյակ էլ չէին լինում՝ նրանց հարցաքննե՞լ են, թե՞ ոչ։ Եվ ակնհայտ է, որ նոր իշխանության ձևավորման պայմաններում արդեն չկա որևէ քաղաքական արգելք, որովհետև իշխանությունն էր խոչընդոտում նախաքննությունը, հիմա չկան այդ խոչընդոտները։ Եվ հիմա հնարավորություն է ստեղծվում այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մարտի մեկի հանցագործությանը, հարցաքննել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, վերաբերում է և՛ Սերժ Սարգսյանին, և՛ այն ժամանակ ԱԺ նախագահին, և՛ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ով Մարտի մեկից հետո կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ, սա վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, այն ժամանակվա ոստիկանապետին, ԱԱԾ նախկին պետը ողջ չէ, բայց նրա տեղակալները դեռևս ողջ են և կարող են պատշաճ բացատրություններ տալ»,- նշում է իրավապաշտպանը։

Խնդիրը, նրա խոսքով, հետևյալն է. քրեական գործը պետք է ոչ միայն քննվի 10 հոգու սպանության բացահայտման ուղղությամբ, այլև պետք է լրացվի հոդվածներով՝ ահաբեկչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում և բավականին լուրջ ծավալ պետք է տրվի, որովհետև Մարտի մեկը ոչ միայն տասը հոգու սպանությունն է, այլև հազարավոր քաղաքացիների նկատմամբ ապօրինի հետապնդումներն են, երբ մարդիկ զրկվել են աշխատանքից, ունեցվածքից, ստիպված են եղել հեռանալ երկրից։ Եվ սա կարելի է որակել որպես պետական ահաբեկչություն իշխանության կողմից Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների։

«Եվ քննությունը չի կարող արդյունավետ համարվել, եթե շարունակի քննվել միայն տասը հոգու սպանության գործի շրջանակներում»,- հավելեց Արթուր Սաքունցը։

Ըստ նրա՝ այսօր գործադիր իշխանության անելիքն այն է, որ ապահովի իրավունքի գերակայության սկզբունքը, և օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը արդեն գործադրվում է։

Սակայն խնդիրն այն է, որ ՀՔԾ պետը նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից, և կա մտավախություն՝ արդյոք այն մարդիկ, ովքեր անձնապես կախված են Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, այսօրվա ՀՔԾ պետի ղեկավարության պայմաններում կլինի՞ պատշաճ քննություն, թե՞ կլինի հերթական ձևական քննությունը, և մենք արդյոք չե՞նք ունենա իմիտացիոն գործընթաց. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես մարտի մեկի պետական ահաբեկչության «զոհերից» մեկը, ինքը շահագրգռություն կցուցաբերի նախաքննության ընթացքում, և այն ժամանակվա բոլոր քաղբանտարկյալները նույնպես պետք է տուժող ճանաչվեն»,- ասում է նա։

Մանե Հարությունյան

MediaLab.am