«Պուտինը կատարյալ պատուհաս է դարձել այս ժողովրդի գլխին. 20-րդ դարի սկզբին երիտթուրքերը, 21-րդ դարի սկզբին՝ նա». Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի խոսնակի հայտարարությունը, որում նա որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը «կհաստատի Ադրբեջանը, և կընդունի Հայաստանը»: Նա նշել է, որ թեև «Ղարաբաղի օկուպացիայի» հարցը լուծվել է, բայց դեռ կան չլուծված հարցեր:

– Նախ՝ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, որ հետո էլ դադարեցնեին, այդ առումով Էրդողանի խոսնակը սուտ է խոսում: 1993-ի մարտին Թուրքիան փակեց սահմանը, մինչ այդ բաց էին պահում, քանի որ համոզված էին, թե պատերազմում ադրբեջանցիները կհաղթեն: Զգալով, որ ադրբեջանցիները հաղթելու հնարավորություն չունեն, իսկույն փակեցին սահմանը:

Նույն թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջևիթը, որը Կիպրոս ներխուժման ժամանակ երկրի վարչապետն էր, պահանջեց Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի դիմաց: Իրենք ոչ թե որոշել են, այլ առիթից օգտվում են՝ զգալով, որ ՀՀ իշխանությունները կաթվածահար վիճակում են, Պուտինի շնորհիվ ահաբեկված են:

Նա խոսում է հարաբերությունների նորմալացման մասին, ասում է՝ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը, դա ձեռնտու է Թուրքիային, Հայաստանին, նաև Ադրբեջանին: Ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է, բայց Ադրբեջանի առջև կան ծառացած խնդիրներ, այդ բոլոր դրական քայլերը պետք է համաչափ ընթանան Ադրբեջանի առջև խնդիրների կարգավորման հետ: Բայց չի նշում, թե դրանք ինչ խնդիրներ են:

Այսինքն՝ ի՞նչ խնդիրներ կան Ադրբեջանի առջև, որ մի հատ էլ մենք պետք է համաչափ ընթանանք: Այսինքն՝ Հայաստանը պետք է լուծի այդ խնդիրները, զիջում անի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, քանի որ Պուտինն այն վիճակում չգցեց Հայաստանին՝ մի ամբողջ մատաղ սերնդի ոչնչացնելով: Փաշինյանը խոսում է 3800 զոհի մասին, իսկ Պուտինը՝ 5000 զոհի մասին: Իսկ միջազգային ռազմական դիտորդների կարծիքով՝ 5000 զոհի դեպքում վիրավորների թիվը առնվազն պետք է 4 անգամ գերազանցի զոհերի թիվը:

– Մենք օրերս ականատես եղանք Պուտին-Էրդողան հանդիպմանը, որտեղ միմյանց հաճոյախոսություններ էին շռայլում: Այս ֆոնին արդյոք պատե՞հ պահն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելու:

– Հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահը չէ: Դա թուրքերին է հարմար, դրա համար ասացի, որ ոչ թե ուզում են նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները, այլ օգտվելով Հայաստանի ծանր կացությունից՝ կամք թելադրեն, օգտագործեն առիթը, որ զիջումների գնանք և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին: Ընդ որում, Իբրահիմ Քալընը սոսկ Էրդողանի խոսնակը չէ, նաև գլխավոր խորհրդականն է: Անկախ քաղաքական դիտորդներն ասում են, որ նա իրական ԱԳ նախարարն է, այսինքն՝ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղությունը ինքն է որոշում, ոչ թե Չավուշօղլուն, որովհետև Լոնդոնի գլոբալ շրջանակների հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է:

Թուրքերը 3+3 ձևաչափ են առաջարկում ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այսինքն երեքը՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, մյուս երեքը՝ Վրաստան-Թուրքիա-Իրան: Այս մասին նախօրեին խոսեց «Հաբերթուրքի» մեկնաբանը, բայց նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է դրան: Այստեղ տեղին է թուրքական ասացվածքը. «Կատու դառնալուց ի վեր վերջապես մի մուկ որսաց»:

– Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Էրդողան-Պուտին հանդիպումը:

– Պուտինն ու Էրդողանը եկան, ինչ-որ բաներ ասացին, իսկ երեկոյան թուրքական հեռուստատեսությամբ քննարկվում էր այդ հանդիպումը, որին մասնակցում էին քաղաքագետներ, պատգամավորներ, նախկին նախարարներ: Ասացին, որ Էրդողանը արդյունքներից գոհ է, բայց արդյունքի մասին ոչ ոք չգիտի: Ասացին՝ մենք նույնիսկ այդ հանդիպման բովանդակությունը չգիտենք:

Հետո հիշեցին, որ նույն ձևով Էրդողանը հանդիպում էր ունեցել նաև Բայդենի հետ, այսինքն՝ ինքը, Բայդենը և մի թարգմանչուհի: Այսինքն երկրի ԱԳՆ-ն հանդիպման մասին մանրամասներ չգիտի, հատուկ թարգմանիչ էր վերցրել իր կուսակցությունից ընտրված պատգամավորի դստերը, որ ԱԳՆ-ն տեղյակ չլինի: Այս դեպքում էլ նույնն էր:

Մինչև հանդիպումը նշում էին, թե գլխավոր հարցը Իդլիբի հարցն է լինելու, միայն սեպտեմբերին ռուսական ինքնաթիռները Իդլիբի վրա 258 հարձակում են կատարել: Թուրք զինվոր չեն սպանել, բայց ահաբեկիչ են սպանել, որոնց Թուրքիան է հովանավորում: Ըստ երևույթին, Էրդողանը ավելի շուտ փորձում է խանդի տեսարան ստեղծել Բայդենի մոտ:

– Ի՞նչ կարելի է սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից, որի մասին խոսվեց վերջերս, և Ալիևը, կարծես, ձգտում է այդպիսի հանդիպման, թեև ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:

– Իմ կարծիքով՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից որևէ արդյունքի չեն հանգի, որովհետև հաշտության պայմանագիր են ուզում ստորագրել: Պուտինն էլ է ուզում, և եթե հիշում եք՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայտարարեց՝ տասնամյակների վաղեմություն ունեցող չլուծված խնդիրը մենք լուծեցինք: Իրականում չի լուծել, ԱՄՆ-ին և Ֆրանսիային փաստի առջև է կանգնեցրել, հիմա զգում է, որ չի կարողանում վերահսկել իրավիճակը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վերադառնում են Հարավային Կովկաս՝ վերականգնելու իրենց քաղաքական ներկայությունը:

Հիմա ռուսները փորձում են Փաշինյանի և Ալիևի միջոցով, Թուրքիայի համագործակցությամբ, հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման: Պուտինին թվում է, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այլևս չեն զբաղվի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ, այսինքն՝ քաղաքական ներկայություն չեն ունենա Հարավային Կովկասում: Պուտինի ամբողջ խնդիրը դա է: Բայց ես կարծում եմ, որ եթե Բայդենը չլիներ, և Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին չլիներ, մենք Սյունիքի մի մասը կորցրած կլինեինք:

Այնտեղ երկու միջանցք էր նախատեսվում՝ մեկը Իրանի սահմանի երկայնքով պետք է անցներ՝ 5 կմ լայնությամբ: Երկրորդը չէին ասում՝ որտեղով պետք է անցներ: Իսկ երբ Բայդենն ասաց, որ Մեղրիի միջանցք չկա, չպետք է լինի, արդեն պարզ դարձավ, որ երկրորդ միջանցքն անցնելու էր Մեղրիի հյուսիսով: Երկու միջանցքների միջև ընկած տարածքի մի մասը Ադրբեջանը կգրավեր, հետո Ռուսաստանը՝ որպես «փրկարար», մեզ կհասներ օգնության, նրանց կհաներ, ինքը զորք կդներ:

Այսինքն՝ այդ հատվածը, ինչպես Արցախի մեզ մնացած հատվածը դարձել է ռուսական զորանոց, դա նույնպես դարձնելու էր զորանոց: Պաշտոնապես Հայաստանի քարտեզում կլիներ, բայց կվերահսկեին ռուս զինվորները: Ու այս պայմաններում Պուտինը լկտիաբար խոսում է ինքնիշխանությունից: Կատարյալ պատուհաս է դարձել այս ժողովրդի գլխին. 20-րդ դարի սկզբին երիտթուրքերը, 21-րդ դարի սկզբին՝ «փրկարար» Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Մանե Հարությունյան

MediaLab.am