20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի երազանքներն անավարտ մնացին. սպորտային լրագրողի մասնագիտությունն ընտրած և համալսարանի 4-րդ կուրսից բանակ զորակոչված երիտասարդի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն ու պաշտպանության նախարարությունը արդեն 2 օր է՝ լռում են:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Զինծառայողը, որին երեկ մահացած էին գտել, ամենայն հավանականությամբ, դիրքերում, Չարենցավանից էր, Ռուս-հայկական համալսարանի ուսանող:
Արդյոք զինվորին սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպան է եղել. «Ազատություն»-ը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:
Մինչ այդ տարբեր վարկածներ են շրջանառվում: Armlur-ի տեղեկություններով՝ «զինծառայողին հասցրել են ինքնասպանության»։ Լրատվամիջոցը գրում է, թե նախնական տվյալներով՝ զինվորը ծեծի է ենթարկվել:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ շատ տեղեկություններ չուներ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ կարծես թե «ինքնասպանության» մասին են խոսում, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:
«Երեկ տեղեկացվել ենք: Քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», – ասաց Շահգալդյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















