Ս.թ. հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեին․ տեղեկացնում են Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
«Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ հանձնեց «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։
Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և նոր ԳԾ մշակմանն ուղղված աշխատանքների մեկնարկին։
Կողմերը վերահաստատեցին հանձնառությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Factor.am