Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Դրա ընթացքում Աքարն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, գրում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ շարունակում են աշխատել 2 երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է «Շուշիի հռչակագիրը»: Աքարը հռչակագիրը բնորոշել է որպես ռազմավարական ուղեցույց:

Այս համատեքստում Աքարը մասնավորապես ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից շարունակվում են ռազմական կրթության և համագործակցության հարցերում մեր աշխատանքները: Սրանց զուգահեռ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարևոր քայլեր ենք արել և շարունակում ենք անել»: 

Թուրք նախարարի խոսքով կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախ տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները:

Գալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի և պարոն Ալիևի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում և ցանկանում ենք, որ գնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան֊Հայաստան կամ Հայաստան֊Թուրքիա հարաբերություններում, այլև ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաև սրանցից բխող բարեկեցություն»:

Աքարը պնդել է նաև, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որևէ 3-րդ երկրի համար և միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը:

Ելույթի ավարտին նա ասել է, թե իբր բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն և անդորր հաստատելուն միտված ջանքերը: