Կրթահամալիր ենք հրավիրում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այն երեխաներին, որ ստիպված են ժամանակավորապես Երևանում հանգրվանել. Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Կրթահամալիր ենք հրավիրում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այն երեխաներին, որ ստիպված են ժամանակավորապես Երևանում հանգրվանել՝ հարազատի ընտանիքում, թե ժամանակավոր կացարանում։

Ցանկացողները կարող են միանալ իրենց սեբաստացի հասակակիցներին՝ ձևավորելու իրար հետ դժվարին իրավիճակը հաղթահարելու մշակույթ, որպես կրթական արտակարգ փոխանակում, Բլեյանի բաց դպրոցում անցկացնելու իրարից սովորելու, իրար հմտություններ, կարողություններ փոխանցելու ուսումնական օրեր։


Հարգելի սեբաստացիներ, վստահորեն դպրոց, պարտեզ բերեք ձեր հարազատներին, հրավիրեք կրթահամալիրի անունից։ Նրանք կարող են օգտվել տրանսպորտի, երկարացված օրվա ծառայությունից նույնպես։

Ձևավորվող ընկերությունը հետո, երբ փոթորիկը խաղաղվի, ծիլեր կտա իրենց բնակավայրում, դպրոցներում. և էլի միասին կլինենք»։