Մեծ Բրիտանիայի Yorkshire Wildlife Park կենդանաբանական այգում վագրը մահացու հարձակվել է տղամարդու վրա, որը հաղթահարել էր անվտանգության արգելապատնեշը և մտել կենդանու տարածք։ Դեպքից հետո այգու ղեկավարությունը հայտարարել է, որ վագրին չեն քնեցնելու։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Անգլիայի Դոնքասթեր քաղաքի մոտ գտնվող կենդանաբանական այգում։
Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը սկզբում խնդրել է իրեն լուսանկարել վագրի ֆոնին, այնուհետև հաղթահարել է անվտանգության պատնեշը և հայտնվել գիշատչի տարածքում։ Վագրը հարձակվել է նրա վրա։ Այգու աշխատակիցները փորձել են շեղել կենդանու ուշադրությունը, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Կենդանաբանական այգու ղեկավարությունը որոշել է չքնեցնել Ալթայ անունով ամուրյան վագրին։ Կենդանին չի լքել իրեն հատկացված տարածքը, իսկ հարձակումը դիտարկվում է որպես գիշատչի բնական վարք։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները՝ պարզելու, թե ինչպես է տղամարդուն հաջողվել հայտնվել վագրի տարածքում։



















