Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակվեց ասելու այն, ինչ վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում:

«Այս հանգամանքը բեկումնային է ԱՄՆ պատմության մեջ և նշանակալի պահ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:  30 երկիր և ԱՄՆ 49 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպասվում է, որ ԱՄՆ այսօրվա գործողությունները հարթակ կստեղծեն, որպեսզի այլ երկրները հետևեն իր օրինակին և Թուրքիային հնարավորություն կտան համակերպվել իր անցյալի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Հայկական համագումարն ընդգծել է, որ Ջո Բայդենն այս հայտարարությամբ հավատարիմ մնաց 30 տարվա իր քաղաքական գործունեությանը` Սենատորից մինչև ԱՄՆ նախագահ դառնալու ընթացքում:

«Նախագահ Բայդենը համարձակվեց ասել այն, ինչը վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Ամերիկայի Հայկական համագումարը խորը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: