«Եթե ուզում եք բարձրագույն կրթության ոլորտում ռեֆորմ անել, բուհերի շենքերի հարցը տասներորդական է ու անկարևոր». Սերոբ Խաչատրյան

Բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ չեն կարող իրականացվել՝ միայն բուհերի շենքերի տեղափոխման հարցը լուծելով, շատ ավելի խորքային խնդիրներ կան ոլորտում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Եթե ուզում եք բարձրագույն կրթության ոլորտում ռեֆորմ անել, բուհերի շենքերի հարցը տասներորդական ու անկարևոր հարց է։ Եթե նույնիսկ տանեք ու բուհերը շատ շքեղ շենքերում տեղադրեք, եթե երկրում սովորելու միջավայր չկա, կրթությունը հարգի չէ, կա աղքատության բարձր տոկոս, շենքերով չեք կարող հարց լուծել։ Իհարկե, շենքը կարևոր է, բայց կրթության մեջ շենքի ազդեցությունը շատ չնչին է»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ նախագիծ կա Երևանում բուհերի շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու։ Ըստ Փաշինյանի՝ այսօր մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ։ Նույնիսկ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։

«Ես չեմ կարծում, որ շենքերի համար բուհերը պետք է ենթարկենք մեծ ցնցումների։ Գուցե նախարարության պլանների մեջ կա որոշակի բուհերի միավորում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհերի թիվը շատ է, և նախարարությունը խոսում է հնարավոր միավորումների մասին։ Գուցե այս առումով փորձ է արվելու որոշ համալսարաններ միավորել իրար ու տանել քաղաքից դուրս»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Ըստ մասնագետի՝ օրինակ՝ Արևելյան Եվրոպայի շատ բուհերի շենքեր շատ ավելի վատ պայմաններում են, քան հայաստանյան բուհերինը, բայց այնտեղ ավելի լավ կրթություն են տալիս։

«Հիմա 21-րդ դարում այս կորոնավիրուսով պայմանավորված՝ մենք նույնիսկ տեսանք, որ կրթությունը նաև շենքերից դուրս է գալիս։ Այսինքն՝ եթե դու ուզում ես 21-րդ դարի կրթությունը տեսնել որպես շենքային մի բան, դա այնքան էլ արդյունավետ չէ։

Իհարկե, կան խնդիրներ, որ Հայաստանի բուհերը կենտրոնացված են Երևանի կենտրոնում, և դա լրացուցիչ ծանրաբեռնում է քաղաքը։ Բայց դա էլ ունի իր տրամաբանությունը, քանի որ մեր երկիրն աղքատ է, բուհերը կենտրոնում տեղակայելը նվազեցնում է ուսանողների ու դասախոսների ավելորդ ծախսերը։

Մենք գիտենք, որ մեր դասախոսները մի քանի տեղ են աշխատում։ Եվ պատկերացրեք, որ բուհերից մեկը տանեն ակադեմիական քաղաք, մյուսը մնա Երևանի կենտրոնում»,- հավելում է Սերոբ Խաչատրյանը։

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին՝ մասնագետն ասում է, որ հիմնական խնդիրը հետևյալն է՝ բարձրագուն կրթությունն արժեզրկված է։

«Այսինքն՝ նախ սովորողները գալիս են բուհ, և մեծ մասը չունի բուհում սովորելու բազային պատրաստվածություն։ Մեծ թվով մարդիկ ընդունվում են բուհ, ոչ գիրք են կարդում, ոչ կարդալու ցանկություն ունեն։

Սա լուրջ խնդիր է։ Եթե բուհը լինի Աշտարակում կամ Կոտայքում, չեմ կարծում, որ գտնվելու վայրով պայմանավորված՝ ուսանողներն սկսելու են լավ կարդալ ու սովորել։

Երկրում պետք է փոխել կրթության նկատմամբ վերաբերմունքը, պաշտոնյաները պետք է կարողանան կրթության քարոզիչներ լինել, բայց իրական քարոզիչներ, կրողներ։ Իրենց օրինակով մարդիկ պետք է տեսնեն, որ սովորելը ճիշտ է»,- նշում է Խաչատրյանը։

Մասնագետը նաև հավելում է, որ պետք է փորձել լավագույն ներուժն օգտագործել բուհերում։ Սա էլ չեն կարողանում ապահովել այսօր։ Շատ դեպքեր կան, որ բավական կամայական ձևով է որոշվում, թե ով ինչ դասընթաց պետք է կարդա բուհում։ Եվ ոչ միշտ են լավագույնները դասավանդում բուհերում։

«Ունենք լավ մասնագետներ, որոնք շատ ավելի լավ կդասավանդեն այդ առարկան, բայց այդ հնարավորությունները լավ չեն օգտագործվում։ Այսպիսի բազմաթիվ բովանդակային հարցեր ունենք մենք, որոնք կարող ենք լուծել՝ մնալով այս շենքերում։ Եկեք այս շենքերում դրանք լուծենք, հետո նոր կմտածենք լավ շենքի մասին»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am