Կար ադրբեջանական տարբերակը, բայց մենք աշխատեցինք բավականին արագ եւ Թբիլիսիից դեպի Ռուսաստան գնացող թռիչքների ուղղությունը փոխեցինք դեպի Երևան. Հակոբ Ճաղարյան

Կար ադրբեջանական տարբերակը, բայց մենք աշխատեցինք բավականին արագ եւ Թբիլիսիից դեպի Ռուսաստան գնացող թռիչքների ուղղությունը փոխեցինք դեպի Երևան. Հակոբ Ճաղարյան
Կար ադրբեջանական տարբերակը, բայց մենք աշխատեցինք բավականին արագ եւ Թբիլիսիից դեպի Ռուսաստան գնացող թռիչքների ուղղությունը փոխեցինք դեպի Երևան. Հակոբ Ճաղարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

– Պարո՛ն Ճաղարյան, արդեն հայտնի է, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթերը դադարեցվելու են։ Դուք հայտնել էիք, որ հայկական ավիաընկերությունները պատրաստ են մասնակցելու այս ճգնաժամի կարգավորմանը։ Հայաստանը դիտարկվում է որպես տարանցիկ երկիրը, որը կարող է կապ հանդիսանալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև, կմանրամասնե՞ք՝ ինչ քայլեր են ձեռնարկվում կառավարության կողմից այս օրերին։

– Հայկական կողմն արդեն պատրաստ է այդ ճգնաժամային իրավիճակին։ Մենք արել ենք բոլոր քայլերը, անհրաժեշտ համաձայնությունները կան, ներկայացրել ենք մեր հնարավորությունները երկու կողմին էլ։ Եվ կուզեի նշել, որ մենք արել ենք դա ավելի արագ, քան որևէ կողմից որևէ առաջարկ կստացվեր։

Նախատեսվում էր նաև, որ որպես հնարավոր տարբերակ, այդ գործողությունը պետք է իր վրա վերցներ ադրբեջանական Գանձակի օդանավակայանը, բայց մենք աշխատեցինք բավական արագ։

Եվ բացի նրանից, որ Թբիլիսիից դեպի Ռուսաստան գնացող թռիչքների ուղղությունը, կարծում եմ, վերջնական փոխեցինք դեպի Երևան, նաև դրան ավելացրեցինք Բաթումից գնացող ուղևորների տեղափոխումը Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Այսինքն՝ Բաթումից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվող չվերթերը՝ «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով։

– Այսինքն՝ վերջին օրերին վրացի ու ռուս գործընկերների հետ բանակցություններ եղե՞լ են, որ Հայաստանը պատրաստ է այդ գործընթացն անխափան կազմակեպելու։

– Այո՛, իհարկե, մենք հայտարարել ենք մեր պատրաստակամության ու պայմանների մասին, որից երկու կողմերն էլ կարող են օգտվել՝ և՛ վրացիները, և՛ ռուսները՝ իրենց փոխադրումները Երևանի միջոցով կատարելու համար։ 

– Նաև ռուսական կողմի թռիչքները նույնպե՞ս պատրաստ ենք ընդունել Հայաստանի օդանավակայաններում։

– Այո՛, մենք դրան նույնպես պատրաստ ենք։ Արդեն հայկական ավիաընկերություններից մեկ պլանավորում է թռիչքներ՝ սկսած հուլիսի 8-ից դեպի ռուսական 4 ուղղություն։ Մենք ունենք արդեն դրա համար պատրաստված օդանավեր։ Այսինքն՝ կարելի է ասել, որ մենք այդ խնդրի լուծումը հասցրել ենք վերջնակետին։ Բոլոր շահագրգիռ և այդ փոխադրումներին մասնակցող կողմերի հետ պայմանավորվել ենք։ Փաստորեն արգելքները գործելու դեպքում մենք կունենանք 100 տոկոսանոց պատրաստված համակարգ։

– Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի օդանավակայաններն իրենց հնարավորություններով ու նաև շարժակազմը ի զորո՞ւ են նման պայմաններում արագ կազմակերպվել ու հավելյալ քանակություն սպասարկել։

– Բացի նրանից, որ մենք ունենք օդանավակայանների մեծ ռեսուրս, մենք ապահովեցինք նաև շարժակազմը՝ օդանավերը։ Բացի դրանից, մենք արեցինք գործուն քայլեր այն ուղղությամբ, որ ուղևորների վրա այդ ավելորդ հատվածը, որ պետք է վայրէջք կատարեն Հայաստանում, իրենց գրպանի վրա զգալի չլինի։

– Ավիատոմսերի թանկացո՞ւմ չի լինի։

– Այո՛, որովհետև ուղևորը մեղք չունի, որ օդային փոխադրումների շուկայում այդպիսի ճգնաժամ է ի հայտ եկել։

– Ձեր ֆեսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ հայկական ավիաընկերություններից երեքն են ներգրավված լինելու այդ ճգնաժամը հաղթահարելու աշխատանքներում։ Նրանց թիվը կավելանա՞։

– Երեք ավիաընկերություն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ճգնաժամը հաղթահարելու գործընթացին, որից մեկն արդեն պատրաստ է։ Մնացածն էլ ժամանակը ցույց կտա։ Բայց համենայն դեպս հայտնել են պատրաստակամություն ծայրահեղ դեպքերում օդանավ տրամադրելու, եթե ոչ թռիչքները ինքնուրույն կազմակերպելու։

– Կա՞ հաշվարկ, թե այդ չվերթերի շնորհիվ որքանով կավելանա Հայաստանի տարածքով անցնող ռուս և վրացի ուղևորների թիվը։

– Մենք ոչ մի կանխատեսում չենք կարող անել, որովհետև ուղևորների թիվը անմիջական կապ ունի այդ ուղևորների որոշման հետ։ Կոնկրետ կապված է նրանից, թե ՌԴ քաղաքացիներն ինչպես կընդունեն այն արգելքը, որն իրենց երկրի ղեկավարությունն ընդունել է և թույլ չի տալիս իրենց Վրաստան գնալ։

Մենք չենք կարող գուշակել, թե իրենց արձակուրդը կամ աշխատանքային գործուղումները պլանավորած քանի մարդ կլսի այդ հորդորները։ Մենք միայն կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ մի կողմից դեռ ոչ մի առաջարկ չստացած առաջին երկիրն էր, որ հայտնեց իր պատրաստակամությունը և գործնական քայլերով ապացուցեց, որ պատրաստ է այդ իրավիճակում աջակցել մեզ համար երկու բարեկամական երկրների միջև օդային փոխադրումների լարվածությունը մեղմացնելու կամ զրոյացնելու ուղղությամբ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am