Գորիսում սպանության փորձի կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա երիտասարդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համաքաղաքացին է:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցում գործող սրճարանի դիմաց Գորիս քաղաքի 18-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի  ժամանակ հայհոյանքներ տալու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի:

18-ամյա երիտասարդը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի և մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. համաքաղաքացին անմիջապես տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: