«Ես զգուշացրել էի՝ վարչապետի ձեռքից խլեք սմարթֆոնը. մենք հիմա վայելում ենք դրա հետևանքը». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ ն Բաղդասարյան, մշակույթի ոլորտում սահմանափակումները վերանայվեցին, թույլատրվում են նաև բացօթյա ներկայացումները, համերգները։ Այս ամիսներին ի՞նչ չափի վնասներ է կրել մշակույթը, և արդյո՞ք ոլորտում աշխուժություն սպասել։

– Ոլորտը, ցավոք սրտի, անվերադարձ կորուստներ է կրել, առավել ևս՝ մեր ոլորտը։ Այն կորուստները, որը կինոարտադրության ոլորտն է կրում, ցավալի է, բայց արդեն սովորական են դարձել։

Երեսուն տարի է՝ որևէ մեկին դա չի հետաքրքրում, ոնց որ մենք դասակարգային թշնամի լինենք։ Խոսքը կինոարտադրության ոլորտի մասին է, որը կախված չէ բեմական արվեստից, կախված է բարդ համակարգից, միջազգային բանակցություններից։

Տարիներով կարող ես հավաքել ու կուտակել և միանգամից կորցնել այդ ամենը։ Եվ ցավալին այն է, որ կառավարությունը ավելի քան 20 հակաճգնաժամային ծրագրեր է հաստատել, որոնցից որևէ մեկը մեզ չի առնչվում։

Որևէ կերպ մեր կինոարտադրության ոլորտին աջակցություն չի տրամադրվել, բարձիթողի վիճակ է։

Մենք փորձեցինք մի քանի առաջարկով հանդես գալ, բայց ասեմ ձեզ, որ մենք գործ ունենք, այո՛, ոչ կոռումպացված, բայց ավելի բյուրոկրատական համակարգի հետ։ Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ ո՛ րն է ավելի վատ՝ սա՞, թե՞ կոռումպացված իշխանությունը։ Ես ստիպված եմ ընտրություն կատարել երկու վատի միջև։

Իսկ որտեղի՞ց է առաջանում այդ բյուրոկրատիան՝ սա կադրային քաղաքականության կոլապսի հետևանք է։

Անբան մարդիկ նշանակվեցին պաշտոնների, այդ անբան մարդը չի տիրապետում ոլորտին և մտածում է՝ ինչո՞ւ ստորագրեմ, քանի որ չգիտի՝ ո՛րն է ճիշտ, ո՛րը՝ սխալ։ Ինքն իր գործունեության դաշտը չգիտի, դրա համար ամեն խոչընդոտ ստեղծում է։

Ես չգիտեմ՝ վարչապետը տեղյա՞կ է սրանից, որ կառավարման կոլապսի մեջ ենք մենք միայն այն պատճառով, որ ոլորտին չտիրապետող մարդիկ նշանակված են ինչ-որ պաշտոնների։ Ես զգուշացնում էի սրա մասին, այս մասին արդեն պարզ էր երկու տարի առաջ, երբ առաջին նշանակումները տեսանք։ Ցավոք սրտի, ես չսխալվեցի։

– Ի՞նչ խնդիրներ կան այն ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։ 

– Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, ես հույս ունեմ, որ կան մարդիկ, որոնց գործերը լավ են, չնայած չեմ պատկերացնում, թե դա ո՛նց կարող է լինել։ Այս ճգնաժամը բոլորին հարվածեց, իսկ մեզ՝ սարսափելի կերպով։

Մեր փոքր ընկերությունը կանգնեց գոյության պայքարի առաջ։ Իսկ ես երբեք չեմ սիրել այդ վիճակը, որովհետև գոյության պայքարը միշտ մարդուն այլանդակում և փչացնում է։

Մարդ պետք է ապրի, ոչ թե գոյություն պահպանի։ Երեսուն տարի այն, ինչ կար, հիմա օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով շարունակվում է։ Մենք կանգնած ենք այսպիսի կոլապսի առաջ և չգիտենք, թե ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից։

Բայց էլի դրա հետ կարող ենք համակերպվել, եթե հասկանանք, որ մեջքներիս ինչ-որ հենարան ունենք։ Այս իրավիճակին զուգահեռ զանգում ու հարկային ծառայությունից, բանկերից են պահանջներ ներկայացնում։ Մնում է զենք բաժանեն ու ասեն՝ խփեք ձեզ գլխից ու պրծեք։

Մասնավորապես դուք ի՞նչ աջակցություն եք ակնկալում կինոարտադրության ոլորտի համար։

– Գոնե հարկային արձակուրդ տային մեզ, ոչ թե խեղդեին ու սպառնային, որ կտուգանեն։ Բանկերը վարկային արձակուրդ են տալիս, բայց պարզվում է՝ այդ արձակուրդի գումարը կուտակվում է, զանգում ասում են՝ մեկ օրում բերեք փակեք։

Եվ դու չես կարողանում հասկացնել, որ երեք ամիս տանը նստած ոչինչ չես անում, ո՞նց պետք է փակես։ Սա մենեջմե՞նթ է, չգիտեմ ինչ է, սա ուղղակի անկարող մարդկանց աշխատանքի հետևանք է։ Այս իրավիճակը կարելի է 10 օրում շտկել, բայց մարդիկ մի քանի ամիս է՝ ոչինչ չեն կարողանում անել։

Այս ամիսներին մշակույթի պակաս զգացվեց, դա ի՞նչ հետևանքներ է ունենում հասարակության վրա։

– Ես այդքան օպտիմիստ չեմ, ես կարծում եմ՝ մարդիկ արվեստի պահանջ չունեն։ Մարդիկ դա ստանում են քաղաքական դաշտից, այնտեղ կա և կոմեդիա, դրամա, տրագիկոմեդիա, ինչ ասես կա։

Նման քաղաքականացված հասարակարգում որևէ մեկի հետ չես կարողանում ոչ մի այլ թեմայի շուրջ խոսել։

Սկսած տաքսու վարորդից մինչև խանութի վաճառողներ ու ընտանիքիդ անդամներ, ինչի մասին ուզում ես խոսել՝ քեզ իջեցնում են քաղաքական «պլինտուզի» մակարդակի։

Սա հասարակական դեգրադացիայի խայտառակ դրսևորում է, որի հետևանքները կտեսնենք դեռ երկար ժամանակ։

– Ինչպե՞ս շտկել այս վիճակը։

– Ես ասեմ՝ սա շատ լուրջ խնդիր է և գնալով անդառնալի է դառնում։ Սրա փրկությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք գիտակցում են սրա վտանգը։

Եթե մարդը չի գիտակցում՝ ո՛րն է վտանգը, մարդիկ ապրում են լայվերով ու ֆեսբուքներում, այսինքն՝ վիրտուալ աշխարհում, իրականությունից կտրված, իրենք կորած են։

Մենք պետք է գանք իրականություն, քաղաքականությունը պետք է վերադառնա իրականություն, մշակույթը պետք է վերադառնա իրականություն։

Ես դրա համար էի ավելի վաղ ասում՝ վարչապետի ձեռքից խլեք սմարթֆոնը։ Մենք այսօր վայելում ենք դրա հետևանքը, բոլորը վիրտուալ աշխարհում են ապրում։

Ամեն մեկը իրականությունից մի տեղ փախչում է։ Ես չգիտեմ՝ պետք է կադրային ջարդ արվի, պետք է ավլել ու թափել այն աղբը, որը չգիտեմ, թե ով է բերել։

Եթե կասկածում են, ես կարող եմ 10 րոպեում ցույց տալ, թե դա ոնց է աշխատում։ Եվ դա բերում է նրան, որ եթե մարդը ոլորտին չի տիրապետում, աշխատում է խուսափել որոշում կայացնելուց, որ հանկարծ չգան ասեն՝ այս ի՞նչ ես արել։

Մտածում է՝ ավելի լավ է ոչինչ չանեմ։ Վարչապետը գիտի՞՝ ինչ է կատարվում այդ առումով երկրում։

Ոչինչ չեն անում, որ հանկարծ իրենց վրա խոսակցություն չգա, սա կառավարման կոլապս է: Մեզ լուրջ խիրուրգ է պետք, իսկ եթե խիրուրգն ուշացավ, արդեն հերձող պետք կլինի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am