Հայտարարություն՝ համավարակի ժամանակ առողջապահական իրավունքի մեկնաբանության վերաբերյալ․ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի գործառույթն է՝ վերահսկել մասնակից պետությունների ազգային օրենսդրության և պրակտիկայի համապատասխանությունը Եվրոպական սոցիալական խարտիային (վերանայված), 1998թ․-ի լրացուցիչ արձանագրությանը և 1961թ․-ի Եվրոպական սոցիալական խարտիային։  Կոմիտեն կազմված է 15 անկախ, անկողմնակալ անդամներից, ովքեր ընտրվում են Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կողմից՝ վեց տարի պաշտոնավարման ժամանակով և մեկ անգամ վերանշանակվելու հնարավորությամբ։ Այն եզրակացություններ է կազմում զեկուցման ընթացակարգի շրջանակում և որոշումներ ընդունում  կոլեկտիվ բողոքների ընթացակարգի շրջանակում։ Կոմիտեի եզրակացություններն ու որոշումները հասանելի են Եվրոպական սեցիալական խարտիայի կայքէջում և նախադեպային իրավունքի տվյալների բազայում՝ այս կայքէջում․ www.coe.int/SocialCharter։

Եվրոպական սոցիալական խարտիայի (Խարտիա) Հոդված 11-ը ամրագրում է առողջության պաշտպանվածության իրավունքը։ Այս իրավունքի շրջանակում մասնակից պետությունները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք նախատեսված են, ի թիվս այլոց, կանխելու համաճարակային հիվանդությունները (Հոդված 11§3), և ապահովելու խորհրդատվական և կրթական հնարավորություններ` առողջությանը նպաստելու և առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով, (Հոդված 11§2)։ Համավարակի ժամանակ, երբ շատերի կյանքն ու առողջությունը լուրջ սպառնալիքի տակ են, առողջության պաշտպանվածության իրավունքը երաշխավորելը մեծ կարևորություն ունի, և Կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու, որ այն արդյունավետորեն երաշխավորվի։ Այս լույսի ներքո մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն համավարակի ժամանակ անհրաժեշտ բոլոր արտակարգ միջոցները։ Սա ներառում է վիրուսի տարածումը կանխելու և սահմանափակելու նպատակով միջոցների պատշաճ իրականացում։ Նման միջոցների շարքում, ինչպես և ներկայիս Covid-19 ճգնաժամի դեպքում, կարող են լինել թեստավորելը և հետևելը, ֆիզիկական տարածությունը և ինքնամեկուսացումը, համապատասխան դիմակների և ախտահանիչ միջոցների տրամադրումը, ինչպես նաև կարանտինային և խիստ տնամեկուսացման միջոցառումների ձեռնարկումը։ Այս բոլոր միջոցները պետք է մշակվեն և իրականացվեն մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան ձևով և հաշվի առնելով ներկայիս գիտական գիտելիքները։ Ավելին՝ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համավարակի ժամանակ հիվանդացած անձանց բուժելու համար, այդ թվում՝ ապահովելով հիվանդանոցներում բավարար քանակությամբ մահճակալներ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ և սարքավորումներ։  Պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու, որ աշխատեն բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ բուժաշխատողներ և ապահովել, որ նրանք աշխատեն անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններում (տես նաև Խարտիայի Հոդված 3)։ Սա ներառում է նաև անհրաժեշտ անհատական պաշտպանիչ սարքավորումների տրամադրում։ Համաձայն Հոդված 11§2-ի՝ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրազակելու մարդկանց տվյալ հիվանդության ռիսկերի մասին։ Սա ենթադրում է հանրային տեղեկատվական ծրագրերի իրականացում՝ տեղեկացնելու մարդկանց, թե ինչպես կարելի է մեղմացնել վարակի ռիսկերը և ինչպես դիմել առողջապահական ծառայություններին ըստ անհրաժեշտության։ 

Ապա, կանխարգելման առումով՝ Կոմիտեն հիշեցնում է, որ կանխարգելիչ միջոցառումները առողջության պաշտպանվածության իրավունքի առանցքային գործոնն են։ Սա նշանակում է, որ երբ ըստ նախնական գիտական գնահատման կան ողջամիտ հիմքեր՝ անհանգստանալու մարդու առողջության վրա վիրուսի պոտենցիալ վտանգավոր հետևանքների կամ այլ գործոնների մասին, մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն բավարար միջոցներ՝ ռիսկերը կանխելու համար  (տես Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) ընդդեմ Հունաստանի, Բողոք No. 72/2011, 2013թ․ հունվարի 23-ի որոշում, §150)։

Կոմիտեն ցանկանում է հիշեցնել, որ վերոնշյալ միջոցներից շատերը անհրաժեշտ են ոչ միայն Հոդված 11-ի համաձայն առողջության պաշտպանվածության իրավունքը պաշտպանելու, այլև առողջությանն առնչվող՝ Խարտիայի այլ պարտավորություններն իրականացնելու համար, այդ թվում՝ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունք (Հոդված 3), բժշկական և սոցիալական խնամքի կարիք ունեցող անձանց իրավունք (Հոդված 13), տարեց անձանց սոցիալական պաշտպանվածության և առողջապահական խնամքի իրավունքներ (Հոդված 23), երեխաների և երիտասարդների պաշտպանվածության և առողջապահական խնամքի իրավունք (Հոդված 7§§9-10 և Հոդված 17§1)։

Համավարակի ժամանակ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ վերոնշյալ միջոցները որքան հնարավոր է սեղմ ժամկետներում՝ ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների մաքսիմալ կիրառմամբ, ինչպես նաև ազգային և միջազգային բնույթի բոլոր համապատասխան միջոցներով, այդ թվում՝ միջազգային օգնության և համագործակցության միջոցով։ Ավելին՝ մասնակից պետությունները պետք է  հաշվի առնեն իրենց կատարած ընտրությունների՝ խոցելի խմբերի, ինչպես նաև այլ ազդակիր մարդկանց վրա ունեցած ազդեցությունները, այդ թվում, հատկապես, հաշվի առնելով նրանց ընտանիքներին, ում բաժին է հասնում ամենածանր բեռը ինստիտուցիոնալ թերությունների դեպքում (Աուտիզմ-Եվրոպա միջազգային ասոցիացիան ընդդեմ Ֆրանսիայի, Բողոք No. 13/2002, 2003թ․ նոյեմբերի 4-ի որոշում, §53)։ Այս առումով Կոմիտեն հիշեցնում է, որ առողջության պաշտպանվածության իրավունքը ներառում է առողջապահական խնամքի հասանելիություն, և որ առողջապահական խնամքի հասանելիությունը պետք է ապահովվի բոլորի համար՝ առանց խտրականության։ Սա նաև նշանակում է, որ առողջապահական խնամքը համավարակի ժամանակ պետք է լինի արդյունավետ և մատչելի բոլորի համար, և որ հատկապես բարձր ռիսկի տակ գտնվող խմբերը, ինչպիսիք են՝ անտուն անձինք, աղքատության մեջ ապրող անձինք, տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, հաստատություններում ապրող անձինք, քրեակատարողական հաստատություններում ձերբակալված անձինք և անկանոն միգրացիայի կարգավիճակ ունեցող անձինք, պետք է բավարար չափով պաշտպանվեն առողջապահական խնամքի ձեռնարկված միջոցներով։

Համավարակի ժամանակ առողջության պաշտպանվածության իրավունքի իրականացման համատեքստում նպատակը պետք է լինի Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված առողջապահության բնագավառում հավասարությունը, մասնավորապես՝  շտկելի, անարդար և խուսափելի տարբերությունների բացակայությունը մարդկանց խմբերում, լինեն դրանք սահմանված սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական կամ աշխարհագրական, թե դասակարգման որևէ այլ միջոցով։

Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն որոշակի թիրախավորված միջոցներ՝ ապահովելու այն անձանց առողջության պաշտպանության իրավունքի իրականացումը, ում աշխատանքը (ֆորմալ կամ ոչ ֆորմալ ձևով) իրենց ենթարկում է վարակվելու ռիսկին։ Բացի դրանից՝ ըստ Հոդված 11§3-ի՝ մասնակից պետությունները պետք է գործարկեն  լայնորեն հասանելի իմունիզացիայի ծրագրեր։ Նրանք պետք է ապահովեն, որ իմունիզացիան լինի լայնամասշտաբ՝ ոչ միայն նվազեցնելու այս հիվանդությունների դեպքերը, այլ նաև չեզոքացնելու  վիրուսի ռեզերվուարը՝ այսպիսով հասնելով ԱՀԿ-ի կողմից սահմանված՝ մի շարք վարակիչ հիվանդությունների ոչնչացման նպատակներին։ Անհրաժեշտ է խթանել, բավականաչափ ֆինանսավորել և արդյունավետորեն համակարգել  պատվաստանյութերի հետազոտությունները՝ պետական և մասնավոր դերակատարների միջոցով։

Կոմիտեն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ առողջության պաշտպանվածության իրավունքը պետք է պաշտպանվի ոչ միայն տեսականորեն, այլև փաստացի։ Խարտիայի իրականացումը մասնակից պետություններից պահանջում է ձեռնարկել ոչ միայն իրավական, այլև պրակտիկ գործողություններ՝ հասանելի դարձնելով  ռեսուրսներն ու գործառնական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Խարտիայում նշված իրավունքները լիարժեք իրականացնելու համար (Իրավաբանների միջազգային միությունն ընդդեմ Պորտուգալիայի, Բողոք No. 1/1998, 1999թ․ սեպտեմբերի 9-ի որոշում, §32; Անօթևանների հետ աշխատող ազգային կազմակերպությունների եվրոպական ֆեդերացիան (FEANTSA) ընդդեմ Սլովենիայի, Բողոք No. 53/2008, 2009թ․ սեպտեմբերի 8-ի որոշում, §28; Աուտիզմ-Եվրոպա միջազգային ասոցիացիան ընդդեմ Ֆրանսիայի, Բողոք No. 13/2002, 2003թ․ նոյեմբերի 4-ի որոշում, §53)։ Այս ամենը հատկապես ճիշտ և միանգամայն որոշիչ է համավարակի ժամանակ առողջության պաշտպանվածության իրավունքի առումով, հետևաբար մասնակից պետությունները պետք է գործեն Խարտիայի ներքո ունեցած պարտավորություններին համապատասխան և, որ ամենակարևորն է, սահմանափակեն մահերի և առողջական խնդիրների թիվը նման իրավիճակներում։ Այս առումով Կոմիտեն հիշեցնում է, որ Խարտիայի Հոդված 11-ով երաշխավորված առողջության պաշտպանվածության իրավունքը  լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 2-ում և Հոդված 3-ում ամրագրված հիմնարար իրավունքները, և որ երկու փաստաթղթերում տեղ գտած՝ առողջությանն առնչվող իրավունքները անքակտելիորեն կապված են, քանի որ «մարդու արժանապատվությունը հիմնարար արժեք է և պոզիտիվ իրավունքների մասին Եվրոպայի օրենքի առանցքն է» (Մարդու իրավունքների լիգաներ միջազգային ֆեդերացիան (FIDH) ընդդեմ Ֆրանսիայի, Բողոք No. 14/2003, 2004թ․ նոյեմբերի 3-ի որոշում, §31)։

Թեև այս մեկնաբանությունը կենտրոնացված է առողջության պաշտպանվածության իրավունքի վրա, Կոմիտեն ցանկանում է  ընդգծել, որ համավարակները և դրանց պետական հակազդումը կարող են զգալի ռիսկեր պարունակել Խարտիայով ամրագրված մի շարք իրավունքների առումով։ Սրանց շարքում են, ի թիվս այլոց, Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը (Հոդված 3); Երեխաների՝ ֆիզիկական և բարոյական վտանգներից պաշտպանության իրավունք (Հոդված 7§10); Սոցիալական ապահովության իրավունքը (Հոդված 12); Բժշկական և սոցիալական օգնության իրավունքը (Հոդված 13); հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները (Հոդված5); ընտանիքների և երեխաների՝ սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության, ինչպես նաև կրթության իրավունքը (Հոդված 16 և 17) և տարեց անձանց իրավուքներ (Հոդված 23)։

Ավելին՝ պատմական և ներկայիս շարունակվող այն ջանքերի թերությունները, որոնք ուղղված են Խարտիայի իրավունքների ապահովմանը, ինչպիսիք են՝  բնակարանի իրավունքը (Հոդված 31) և աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունքը (Հոդված 30), ուղղակիորեն խթանում են որոշ սոցիալական խմբերի խոցելիությունը համավարակի ժամանակ։ Չպետք է նաև անտեսել համավարակի և դրան հակազդելու նպատակով ձեռնարկված պետական միջոցառումների՝ զբաղվածության և աշխատանքային իրավունքների վրա ունեցած թե անհատական և թե կոլեկտիվ մեծ ազդեցությունը։ Համավարակի ընթացքում տնամեկուսացման և տնտեսական ակտիվության բացակայության պատճառով մարդիկ չպետք է մնան առանց կենսապահովման նվազագույն միջոցների։ Հետագայում ներկայացվելիք մեկնաբանությունը կանդրադառնա այս խնդիրներին ավելի մանրամասն։ Ի վերջո՝ Կոմիտեն ցանկանում է ընդգծել, որ այն ուշադիր կմշտադիտարկի իրավիճակը և մասնակից պետությունների ձեռնարկած միջոցները՝ Խարտիայի ընթացակարգերի, զեկուցման և կոլեկտիվ բողոքների շրջանակում (ըստ գործի)։

Մասնավորապես, ինչ վերաբերում է զեկուցման ընթացակարգին՝ Կոմիտեն 2021թ․-ի եզրակացությունների՝ պետության զեկույցների ուսումնասիրությունը կկենտրոնացնի առողջության պաշտպանվածության իրավունքի վրա, և այս նպատակով գալիք շաբաթների ընթացքում այն մի շարք թիրախ հարցեր կուղղի պետություններին, այդ թվում՝ ընդհանուր առմամբ համաճարակաբանական պատրաստվածության և իմունիզացիայի միջոցառումների մասին հարցեր և, հաշվի առնելով այս բացառիկ իրավիճակը՝ հարցեր Covid-19-ի ներկայիս համավարակի հակազդման վերաբերյալ։

Փաստաթուղթը հայերենով հասանելի է ԱՅՍՏԵՂ

Բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի