Դա մաքրուհու, ինչ-որ վարչության պետի պաշտոն չէ, որ հեռացնեն, դատարանը վերականգնի. Աղազարյանը՝ Թովմասյանի՝ դատարան դիմելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, որին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ դուք եք հանդես եկել, դիմել է վարչական դատարան ու վստահ է, որ դատարանը վերականգնելու է իրեն այդ պաշտոնում։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։

– Անկեղծ ասած, օրենսդրության այդ հատվածին լավ չեմ տիրապետում, ես չեմ պատկերացնում, դա մաքրուհու պաշտոն չէ, ինչ-որ վարչության պետի պաշտոն չէ, դա ԱԺ որևէ ծառայության պաշտոն չէ, որ իրեն աշխատանքից հեռացնեն, և վարչական դատարանը վերականգնի: Ես լավ չեմ պատկերացնում, միգուցե կա՞ այդ օրենսդրական հնարավորությունը, հա՛, թող ինքն օգտվի իր իրավունքներից, փորձի հարցը լուծել, բայց, անկեղծորեն, չեմ պատկերացնում, թե դա ինչպե՛ս պետք է տեղի ունենա։ 

 – Պնդո՞ւմ եք, փաստորեն, որ նրան օրինական ճանապարհով եք հեռացրել զբաղեցրած պաշտոնից ու ոչինչ անօրրինական չե՞ք արել։

– Իսկ ո՞րն է ապօրինին, մենք ցանկացած հարց քննարկման դնելու ու որոշելու իրավունք ունենք մեր իրավասության շրջանակներում, այդտեղ ապօրինությունը ո՞րն է։ Մենք կարող էինք տիկին Թովմասյանին նաև անվստահություն հայտնել՝ առանց որևէ հիմնավորումների, չնայած որ մենք այդ հիմնավորումները ներկայացրել ենք, որովհետև օրենքով դա մեզ վերապահված լիազորություն է։ 

Մենք, կարևորելով նաև հասարակության կարծիքները, բերել ենք հիմնավորումները, ու անկեղծ չեմ պատկերացնում, թե վարչական դատարանն ի՞նչ պետք է պարտավորեցնի, ո՞ւմ պարտավորեցնի, ԱԺ նախագահին ասի՝ նշանակի՞: ԱԺ նախագահը չի նշանակել, պատգամավորներն են քվեարկել ու ընտրել հանձնաժողովի նախագահ ու այդ նույն պատգամավորներն էլ քվեարկել ու իրեն անվստահություն են հայտնել։

– Տիկին Թովմասյանն ասում է, որ ակնհայտ ապօրինությունն այն է, որ իրեն վերաբերող հարցը քննարկել եք իր բացակայությամբ, այն դեպքում, երբ «նախապես գրավոր տեղեկություն է ներկայացրել ԱԺ նախագահին և նրա պաշտոնակատարին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցի քննությունը կհետաձգվի, մինչև ինքը կկարողանա ներկայանալ աշխատանքի», ինչն էլ անտեսվել է։

– Հա՛, ինքը, կարծեմ, վերջին պահին՝ հինգ րոպե առաջ է տեղյակ պահել խորհրդարանի նախագահությանը, որ, երեխայի խնամքի հետ կապված, չի կարող ներկայանալ ու խնդրել է տեղափոխել հարցի քննարկումը։ Եթե մի քանի օր տեղափոխեինք, արդեն մեր արձակուրդները կսկսվեին, ու, հետևաբար, հարցը կտեղափոխվեր մինչև սեպտեմբեր: Բոլոր դեպքերում, եթե ինքը ժամանակին ներկայացներ, խորհուրդն էլի կարող է պատահի հարգեր կամ չհարգեր այդ դիմումը, որովհետև չեմ կարծում, որ անհնարին կլիներ, որ ինքը մասնակցեր նիստին, առավելևս, որ այդ օրերին ինքը տարբեր հեռուստակայաններում շատ ակտիվ հարցազրույցներ էր տալիս։

– Պարո՛ն Աղազարյան, իր դեմ նման գործընթաց սկսելու համար Թովմասյանը կասկած է հայտնել, որի ճշմարիտ լինելը կխնդրեմ հաստատեք կամ հերքեք։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ երբ իշխանությունը տեսավ իր նախաձեռնած ստորագրահավաքի ցուցանիշները, թե քանի մարդ է դեմ, որ ձեր քաղաքական թիմը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչի, սկսեցիք այս արագացված գործընթացը, ինչը, ըստ նրա, հետևանք է այն բանի, որ «Նիկոլ Փաշինյանն Ալիևից ուղիղ հրահանգ է ստացել, որ խորհրդարանում ընդդիմադիր որևէ պաշտոնյա չլինի»։

– Հրահանգ Ալիևի՞ց։

– Այո՛։

– Եվ ես պետք է պատասխանեմ այդ հիմար հարցի՞ն։ Կարո՞ղ եմ ներողություն խնդրել ու չպատասխանել։

– Իմ հարցը չէ, տիկին Թովմասյանի կասկածն է, որը խնդրեցի հաստատեք կամ հերքեք, պարո՛ն Աղազարյան։

– Կարո՞ղ եմ ես ներողություն խնդրել ու չպատասխանել։

– Ձեր իրավունք է։ Ոչ մի խնդիր, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի վերաբերյալ անցկացվող այդ ստորագրահավաքներին։

– Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաք չեմ հիշում, բայց «Հայաքվեն», թող ստորագրություն հավաքեն, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Մենք ժողովրդավարական երկիր ենք, ու ցանկացած քաղաքական ուժ, մարդկանց խմբավորում իրավունք ունեն ձեռնարկելու օրենքով իրենց հասանելի քայլեր՝ այս կամ այն տեսակետը հանրությանը ներկայացնելու ու սահմանված կարգով այն առաջ մղելու: Ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am