Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել ՄԻՊ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թովմասյանն այս մասին հայտնեց հրավիրված ասուլիսում: 

Ըստ պատգամավորի՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը եղել է իշխանության քաղաքական որոշումը, որևէ հիմնավորում չկա: Թովմասյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն, այնուամենայնիվ, շարունակելու է, միջազգային դերակատարներին գրություն ուղարկելիս, իրեն ներկայացնելու է որպես «հանձնաժողովի՝ ապօրինաբար պաշտոնազրկված նախագահ»:

«Բայց ես չեմ հանձնվել: Այսօր արդեն Վարչական դատարան մուտք եմ արել և պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը ծայրից ծայր տեղի է ունեցել ապօրինի: Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը նշեց՝ ինքն ունեցել է անաշխատունակության թերթիկ, նախապես գրավոր տեղեկություն է ներկայացրել ԱԺ նախագահին և նրա պաշտոնակատարին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցի քննությունը կհետաձգվի, մինչև ինքը կկարողանա ներկայանալ աշխատանքի:

«Նրանք չեն լսել և իմ դիմումն անպատասխան են թողել, քննարկել ու քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը, ինչի համար ես դիմել եմ Վարչական դատարան»,-ասաց Թովմասյանը՝ վստահություն հայտնելով, որ իր լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով: