Կոկորդի ցավ, բարձր ջերմություն, քթից արտահոսք. Հայաստանում գրիպը գլուխ է բարձրացրել, հիվանդանում են հիմնականում երեխաները

Հայաստանում այս օրերին հատկապես երեխաների շրջանում գրիպի ու շնչառական հիվանդությունների տարածվածությունը շատ բարձր է, դպրոցներում շատ են բացակայությունները: Սոցիալական ցանցերում ծնողները անհանգստություն են հայտնում վիրուսի տարածվածության կապակցությամբ, շատերն էլ վարակվելուց խուսափելու համար երեխաներին չեն ուղարկում դպրոց:


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Մեդիալաբին» հաստատեց, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն է արձանագրվում՝ ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, այնպես էլ հիվանդանոցներում ու շտապօգնության կանչերում:

Հատկապես, ըստ Աբովյանի, բարձր ակտիվություն է արձանագրվել Երեւանում, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում:


Մասնավորապես, դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է 1968 հիվանդ, որից 1312-ը՝ 0-18 տարեկան:

«Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը կրկնակի բարձր է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Աբովյանը:


Այսօր, նրա խոսքով, հիվանդանոցներում բուժում է ստանում 742 հիվանդ, որից 95.4 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 13 հիվանդ, որոնց 99 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են:


«Հայաստանի Հանրապետությունում դեպքային հսկողության համակարգ է ներդրված, եւ ներկայումս լաբորատոր հաստատված է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 37 դեպք, որից 11-ը՝ 0-14 տարեկան երեխաներ են, հոսպիտալացված 10 հիվանդ 14-64 տարեկան են, իսկ 16 դեպք էլ արձանագրվել է հղի կանանց շրջանում: Այս ենթատեսակը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում»,- փոխանցեց Աբովյանը:


Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հազ, որը կարող է պահպանվել երկու շաբաթ եւ ավելի, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ, բարձր ջերմություն, քթից արտահոսք:
Դպրոցներում, Ռոմելլա Աբովյանի խոսքով, մշտադիտարկում է իրականացվում, բացակայություններն աճել են, որոնց հիմնական պատճառը սուր շնչառական հիվանդություններն են: «Բացակայությունների առումով

հստակ բարձր ցուցանիշ չունենք, քանի որ նման ցուցանիշ արձանագրվելու դեպքում դպրոցները փակելու առաջարկություն է ներկայացվում: Բայց հիմա դրա անհրաժեշտությունը չկա»,- նշեց Աբովյանը:


Նախորդ տարվա համեմատ այս տարի գրիպի տարածվածության բարձր ցուցանիշը, ըստ մասնագետի, պայմանավորված է սահմանափակումների վերացմամբ եւ նաեւ նրանով, որ հիմա մարդիկ շատ քիչ են դիմակ դնում: «Անցյալ տարի համատարած բնակիչները դիմակ էին կրում, ախտահանման միջոցառումներ էին իրականացվում, դրա համար էլ գրիպը շատ տարածված չէր»,- նշեց նա:


Նա հորդորում է պատվաստվել գրիպի դեմ, քանի որ այս վիրուսը կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը:

«Պատվաստումը միակ արդյունավետ գործիքն է, որը պաշտպանում են գրիպի բարդություններից: Ինչպես նաեւ պետք է խուսափել հիվանդների հետ ակտիվ շփումից, եթե հիվանդ եք, մնացեք տանը, պահպանեք հազալու եւ փռշտալու կանոնները՝ փակելով բերանը, հագնվեք եղանակին համահունչ, օգտագործեք շատ հեղուկներ»,- բնակչությանը հորդորում է մասնագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am