Երկրի ամենաերիտասարդ թոշակառուն մա՞տ է թափ տալիս. կվերադառնա արդյոք Ռոբերտ Քոչարյանը

Երկրի ամենաերիտասարդ թոշակառուն մա՞տ է թափ տալիս. կվերադառնա արդյոք Ռոբերտ Քոչարյանը
Երկրի ամենաերիտասարդ թոշակառուն մա՞տ է թափ տալիս. կվերադառնա արդյոք Ռոբերտ Քոչարյանը

 
Թեև նախորդ` 2008-ի նախագահական ընտրություններին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պատրաստվում է դառնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն, սակայն օրեր առաջ նրա` քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հայտարարությունը կրկին ալեկոծել է քաղաքական դաշտը, որտեղ այսպես թե այնպես չէին դադարում նրա հնարավոր վերադարձի մասին տարաբնույթ քննարկումները:

«Թվում է, թե Քոչարյանը կատարում է բոբոյի դեր, մատ է թափ տալիս ներկա և առաջին նախագահների վրա, որ, այ, եթե դուք խելոք չմնաք, ես կվերադառնամ»,- «Մեդիալաբին» ասում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Սեպտեմբերի 30-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ով նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձություններից հետո հիմնականում ստվերում էր մնում, երբեմն էպիզոդիկ հայտնվելով այս կամ այն շնորհանդեսին, հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն»:

Չբացառելով ռուսաստանյան սցենարի ազդեցությունը Հայաստանի վրա` այնուամենայնիվ որոշ վերլուծաբաններ Քոչարյանի «ակտիվացումը» կապում են Հայաստանի ներկայիս իշխանությունների թուլացած դիրքերի, ինչպես նաև երկրի տնտեսական անկման, արտաքին մարտահրավերների հետ:

«Ներկայումս, երբ Հայաստանում լուրջ փոփոխությունների կարիք կա, երկիրը թուլացել է թե տնտեսապես, թե քաղաքականապես, տրամաբանական է տարբեր քաղաքական շրջանակների ակտիվացումը ընտրությունների նախաշեմին»,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Ինքը` Ռոբերտ Քոչարյանը, իր հնարավոր վերադարձի մասին խոսելով, նշել է երեք կարևոր գործոններ.

«Առաջին` երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը, և, որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը։ Երկրորդ` հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը: Երրորդ` իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ առաջին նախագահ և ներկայիս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին «մարած քարտ է» անվանել, իշխանական կոալիցիայի ուժերը հակասական կարծիքներ են արտահայտել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, ով համարվում է Քոչարյանի հնարավոր հենարանն ու աջակիցը, հայտարարել է, որ երկրորդ նախագահը վերադառնալու «բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի»:

Մինչդեռ քաղաքական կոալիցիայի գլխավոր ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ Քոչարյանի` առաջիկա նախագահական ընտրություններում ներկայացված լինելու դեպքում քաղաքական ինտրիգը կխորանա, «առավել ևս, եթե կոալիցիայի անդամ քաղաքական ուժը նրան ներկայացնի, այդ դեպքում կոալիցիան կքայքայվի, կողմերի միջև հակասությունները կխորանան»:

Քոչարյանի վերադարձի հնարավորությունը վերլուծաբանները կապում են այն բանի հետ, թե ով կկանգնի նրա կողքին:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ հասարակությունը Քոչարյանի վերադարձը շատ սուր է ընդունում, քանի որ «ցանկացած վերադարձ իր հետ դիստրուկցիա է բերում: Սկսում են գնահատել անցյալը, արած գործերը»:

«Կարևոր է, թե Քոչարյանն իր շուրջն ինչ ուժեր կհամախմբի,- ասում է Երվանդ Բոզոյանը: – Կշահի այն քաղաքական ուժը, որը ցույց կտա, թե կարող է երկրում իրական փոփոխություններ կատարել»:

Սակայն դեռևս խորհրդավոր անորոշության մեջ է մնում, թե արդյոք կվերադառնա՞ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն «մեծ քաղաքականություն», թե՞ ոչ:

«Իրականում մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Քոչարյանի վարկանիշը բավականին իջած է, և նրա վերադարձը կապված է նրանից, թե արդյոք որ քաղաքական ուժը նրան կսատարի, հակառակ դեպում դժվար թե իր տեղը գտնի,- ասում է սոցիոլոգ Ահարոնյանը: – Իմանալով որ նա ամբիցիոզ քաղաքական ուժ է, հայտարարել է, որ կվերադառնա, երբ պահանջարկ լինի, մնում է սպասել»:

Սակայն խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժ համարվող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշում է, որ դժվար թե ժողովուրդն ուզենա Քոչարյանի վերադարձը:

«Ժողովրդի մեջ Քոչարյանի վերադարձի պահանջարկ չկա,- ասում Սաֆարյանը: – Տասը տարի նա իշխել է այս երկրում, և մենք այսօր հնձում ենք այն, ինչ նա է ցանել։ Բացի այդ, Քոչարյանը այն աշխարհաճանաչողությունն ունեցող գործիչը չէ, որը կկարողանա փոփոխություններ իրականացնել և իրավիճակ փոխել»:

© Medialab.am