Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել. քաղաքապետարան

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել․ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։