«Երևան Մոլ»-ի մոտ 4 մեքենաների բախման հետևանքով կան հոսպիտալացվածներ

Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են “Mercedes-C 180”, “Mercedes E 320”, “Infiniti QX56” և “Nissan X-trail” մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել “Mercedes E 320” մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), ով հոսպտալացվել է “Էրեբունի” ԲԿ։

“Էրեբունի” ԲԿ են հոսպիտալացվել նաև “Nissan X-trail” մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Լ․ Շ․ (ծնված՝ 1979 թ․), որտեղ բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։