Փաշինյանին չի հետաքրքրում՝ իր գործողությունների հետևանքով Եկեղեցին կփլուզվի, նրա միակ խնդիրը Գարեգին Երկրորդի հեռացումն է. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, իրավական, քաղաքական ի՞նչ գնահատական կտաք այն գործընթացներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Եկեղեցու շուրջ՝ մասնավորապես այն, որ դատարանը պարտավորեցնում է Եկեղեցուն վերականգնել կարգալույծ արված հոգևորականների պաշտոնները:

– Այս ամենում քաղաքական ենթատեքստն ակնհայտ է, ինչ վերաբերում է բուն դատական հայցերին, վճիռներին, ապա ասեմ, որ դրանք իրենց բնույթով նախադեպ են, երբևէ նման բան չի եղել: Այս ամենը պայմանավորված է Եկեղեցի-իշխանություն գոյություն ունեցող ու մեզ հայտնի առճակատմամբ, ու այս ամենը փորձ է արվում տեղափոխել այլ տիրույթ: Ես չգիտեմ, թե այս նախադեպը չունեցող գործերի վերջնարդյունքն ինչ է լինելու, բայց ակնհայտ է մի բան, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարվի: 

Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, այսինքն՝ նա կանգառ չունի, ու այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու նրա գործողությունները չեն դադարելու, մինչև ինքը իր պատկերացմամբ չհասնի խնդրի լուծմանը: Թե սրա հետևանքով Եկեղեցին կփլուզվի, եկեղեցական համակարգը կփլուզվի, Հայոց Եկեղեցին կպառակտվի՝ Նիկոլ Փաշինյանին դա չի հետաքրքրում, նրա միակ խնդիրը Գարեգին Երկրորդի հեռացումն է: Այն, որ Եկեղեցու շուրջ առաջացած ճգնաժամը կարող է բացառապես լուծվել Եկեղեցու ներսում, և այն, որ իշխանությունը չունի այդ հարցին միջամտելու սահմանադրական լիազորություններ, աներկբա է: 

Հետևաբար ես առաջարկում եմ խնդրի հանգուցալուծման հետևյալ տարբերակը. հրավիրել Ազգային-եկեղեցական ժողով ու կազմակերպել կաթողիկոսի ընտրություններ, որին թող մասնակցի նաև Գարեգին Երկրորդը, եթե նա կստանա եկեղեցական ժողովի պատվիրակների մեծամասնության ձայները ու կվերընտրվի, իշխանության լեզուն կպապանձվի, այսինքն՝ Եկեղեցին իր ներսում կվերահաստատի Գարեգին Երկրորդին որպես վերընտրված Կաթողիկոս, իսկ եթե Գարեգին Երկրորդը չի ընտրվի Ամենայն Հայոց Կաթողիկոս, ապա ճգնաժամը դարձյալ կհանգուցալուծվի, որովհետև պարզ կդառնա մի բան, որ Գարեգին Երկրորդը չի վայելում եկեղեցական ժողովի պատվիրակների վստահությունը, ու իսկապես եկել է նոր կաթողիկոս ունենալու պատեհ ժամանակը: 

Այսինքն՝ բոլոր դեպքերում, ես՝ որպես իրավաբան, նաև ծանոթ լինելով Ազգային- եկեղեցական ժողովի կանոնադրությանն ու ՀՀ Սահմանադրությանը, հանգել եմ այն հետևությանը, որ իշխանությունը սահմանադրական լիազորություն չունի կաթողիկոս փոխելու, ոչ մի բարենորոգման հանձնաժողով իրավունք չունի որևէ կաթողիկոս հեռացնելու կամ փոխելու, Ամենայն Հայոց Կաթողիկոս կարող է ընտրել բացառապես Ազգային-եկեղեցական ժողովը, այսինքն՝ խնդրի լուծումն այդտեղ է: Հետևաբար, կրկնում եմ, որ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է լուծել Ազգային-եկեղեցական ժողովը: 

Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասում է իր նպատակը ու իր նպատակն իրագործելու գործիքակազմը, ասում է՝ Քննչականով գործ կնախաձեռնեմ, խափանման միջոց կկիրառենք, Դատախազությունով քրեական հետապնդում կհարուցեմ, ես չեմ լսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի՞նչ լուծում է առաջարկում, ի վերջո, խնդրի մասին չխոսելով՝ խնդիրը չի լուծվում: Անընդհատ դիմադրելով չի լինի կամ անընդհատ այս կարգի հայտարարություններով խնդիրը չի լուծվի, դատապարտելով Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ նրա դեմը չեն առնելու, լուծում է պետք առաջարկել, լուծում: Ես իմ պատկերացրած լուծումն առաջարկեցի, եթե իրենք ունեն այլ լուծում, թող առաջարկեն: Իսկ այդ մնացած հայցադիմումները, վճիռները՝ դրանք արդեն երկրորդական հարցեր են:

– Այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք կատարվող գործընթացը կարող է հակասել Սահմանադրությանը։

– Իշխանության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին միանշանակ հակասահմանադրական է, բայց դատական այդ գործընթացների մասով միանշանակ գնահատական տալը բարդ է: Եթե Սահմանադրությամբ ամրագրվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, ապա դա չի նշանակում, որ ընդհանրապես Եկեղեցու որևէ սպասավորի վերաբերյալ դատաիրավական ներգործության միջոց հնարավոր չէ կիրառել: 

Այդ նույն տրամաբանությամբ, եթե, ասենք, որևէ հոգևորական Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարի, Կաթողիկո՞սը պետք է պատժի իրեն, Քրեական օրենսգրքի նորմերը կիրառելի չե՞ն: Ես այդ հարցով նախ մասնագիտացված չեմ ու չեմ կարող միանշանակ պատասխան տալ, երկրորդ՝ ներկայացված քաղաքական հայցերի հիմքն ու հիմնավորումները որո՞նք են, ուստի ձեռնպահ կմնամ այդ առումով որևէ բան ասելուց: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am