«Պետությունը պետք է հստակ ջանքեր գործադրի, որպեսզի այս պսևդոքաղաքական օրակարգը հանկարծ իր հետ կրիմինալ դրսևորումներ չբերի». Ռուբեն Մեհրաբյան

Լոսանկարը՝ Media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, երեկ խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաքով մեկնարկը տվեց, իրենց խոսքով՝ պայքարի վճռորոշ փուլին: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը:

– Հայտարարելը մի բան է, գործողություններն ու այդ գործողությունների համար անհրաժեշտ ռեսուրսները՝ այլ: Մենք տեսնում ենք, որ կա էական, տեսանելի անհամապատասխանություն առաջինի ու երկրորդի միջև:

Այսինքն՝ կարծում եք, որ հանրային բավարար աջակցություն չունի՞ խորհրդարանական ընդդիմությունը:

– Նրանց մտադրությունները, նպատակներն ու գործողություններն ընդհանրապես ապահովված չեն սոցիալական պատվերով ու չունեն սոցիալական հենարան:

Այդ դեպքում ո՞րն է հենարանը ու ի՞նչ պատվեր է:

– Շատ խիստ սահմանափակ, համենայնդեպս՝ անբավարար հենարան ունի՝ հռչակված նպատակներին հասնելու համար:

Պարո՛ն Մեհրաբյան, ընդդիմադիր գործիչները, որոնք դուրս են եկել պայքարի, ասում են, որ սա իշխանության համար պայքար չէ, սա պայքար է Հայաստանի ու Արցախի պահպանության համար:

– Հա՛, բայց հաջորդ նախադասությամբ էլ ասում են, որ իրենց նպատակն է փոխել իշխանությունը, ու այս պահից «Հայաստանի իշխանությունն այս հրապարակն է»: Այնպես որ, էլի եմ ասում, դեռ թացը չորից զանազանելու խնդիր կա:

Հետագա ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:

– Կատարվողը, բնականաբար, լարվածություն է մտցնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, պետությունից մեծ ռեսուրս է խլում՝ իրավիճակը կանխատեսելիության հունի մեջ պահելու համար, ու այդ իմաստով ջանքեր են պահանջվելու, որպեսզի, այսպես ասած, կարմիր գծերը չհատվեն, իսկ մենք դրա փորձերը տեսնում ենք:

Նմանօրինակ դեպքերը բավականին մտահոգիչ են, ու այս ամենը պետք է հուշի, որ պետությունը պետք է հստակ ջանքեր գործադրի, որպեսզի այս քաղաքական կամ պսևդոքաղաքական օրակարգը հանկարծ իր հետ կրիմինալ դրսևորումներ չբերի:

Բախումների ու ձեր նշած դրսևորումների մտավախություն ունե՞ք:

– Մի հարցում վստահ եմ, որ այս մարդկանց համար անթույլատրելի ոչինչ չկա, ու եթե հնարավորություն տեսնեն, այո՛, կարող են գնալ բախումների:

Պարո՛ն Մեհրաբյան, ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը հենց այս ժամանակահատվածում որոշեց գնալ կտրուկ քայլերի:

– Իրենց գնացքը գնալու վրա է, ու հույս ունեն վերջին վագոնում հայտնվել: Այս ամենը տեղի է ունենում հետևյալ արձանագրման համատեքստում, որն արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարաը, որ, փաստորեն, ռուսների կողմից Դոնբասի այդ սրընթաց գրավման պլանը տապալվեց, որ մայիսի 9-ին Դոնբաս չի գրավվելու: Երկրորդը՝ հակապուտինյան, հակաֆաշիստական կոալիցիա է ձևավորվել աշխարհի առաջատար երկրների կողմից, որը նպատակ է դրել տապալել Պուտինի ֆաշիստական ռեժիմը:

Նման միջազգային կոնսոլիդացիա Հիտլերի տապալումից ի վեր չէր եղել: Այս մարդիկ հասկանում են, որ իրենց քաղաքական հայրիկները արդեն հայտնվելու են պատմության աղբանոցում, իրենք որբանալու են ու փորձում են վերջին շանսն օգտագործել:

Իշխանությունը կկարողանա՞ հնարավոր բախումները կանխել:

– Կարծում եմ՝ պատշաճ կազմակերպվածության պարագայում իշխանությունը դա անելու բոլոր ռեսուրսներն ունի: Բացի այդ, իշխանությունը դա անելու համար ունի և՛ հանրային պահանջ, և՛ հանրային պատվեր ու հանրային հենարան: Իշխանությունն ուղղակի պետք է իր կարողությունները մոբիլիզացնի այդ նպատակի շուրջ:

Փաստորեն, կարծում եք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի՞ հաջողելու, պարո՛ն Մեհրաբյան:

– Ինչպես ասում էր դասականը, կարծելն անբարոյականություն է, երբ վստահ ես: Ես չեմ կարծում՝ վստահ եմ:

Իսկ այդ պարագայում այս իրավիճակը որքա՞ն կշարունակվի՝ ըստ ձեզ:

– Եկեք կանխատեսումներ չանենք, որովհետև անիմաստ զբաղմունք է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am