Այս իշխանությունը չկարողացավ ստեղծել այնպիսի ոստիկանություն, որի գործունեությունը կասկած չհարուցեր. Նորայր Նորիկյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ բանտարկյալներին ծեծի ենթարկելու մասին լուրերը բուռն արձագանք ստացան համացանցի տիրույթում, եղան պաշտոնական հայտարարություններ կատարվածի վերաբերյալ, բայց իրավապաշտպան Ժանն Ալեքսանյանն, օրինակ,  ասում է, որ պատկան գերատեսչությունների ասածը հեռու է ճշմարտությունից: Դուք ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

– Իրավասու մարմինները պարտավոր են ծառայողական քննություն նշանակել, բացի այդ՝ պարտավոր են նախաքննական վարույթ նախաձեռնել, պարզելու համար, թե ինչի մասին է խոսքը, ովքեր են եղել այդ դիմակավոր անձինք, ինչ գործողություններ են կատարել, արդյոք դրանք համաչա՞փ են եղել և այլն: 

Քանի որ տեղեկատվությունը սուղ է, ես չեմ կարող միանշանակ պատասխանել, կարող եմ ընդամենն ասել, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարտավոր է իրականացնել, նշանակել ու կազմակերպել ծառայողական քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր է ձեռարկել համապատասխան քայլեր՝ պարզելու՝ ինչ է տեղի ունեցել, սա նաև Դատախազության իրավասության շրջանակներում է: Հիմա պետք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որովհետև հանրությանը տրամադրվել է սուղ տեղեկատվություն: 

– Այս դեպքին նախորդել էր մեկ այլ դեպք, երբ մի քանի պարեկ ճանապարհի երթևեկելի հատվածում վարորդին հանում են մեքենայից ու նրան բառի բուն իմաստով պառկեցնում ասֆալտին, այն բանի համար, որ վարորդը, ինչպես ասում են ոստիկանությունից, հայհոյել է նրանց: Տեսանյութը կա, վստահաբար ծանոթ եք, իսկ այս դեպքում գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Այո՛, տեսել եմ. որևէ քաղաքացի իրավունք չունի ոստիկանության աշխատակցին հայհոյել ու հակառակը՝ ոստիկանության աշխատակիցն իրավունք չունի իր լիազորություններից դուրս որևէ գործողություն իրականացնել քաղաքացու նկատմամբ, սա այնքան պարզ է, որ քննարկման ենթակա չէ: 

Ընդհանուր առմամբ՝ իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ վերացել են վստահությունն ու հավատը, անգամ այն դեպքում, երբ նրանք կատարում են օրենքով սահմանված իրենց աշխատանքը, միևնույն է, հանրությունը թերահավատ է: Այսինքն՝ հասարակություն-ոստիկանություն, հասարակություն-իրավապահ համակարգ՝ այս մարմինների աշխատանքը չի ստացվում, հասարակությունը կորցրել է վստահությունն այն իշխանության նկատմամբ, որի նկատմամբ սկզբնական փուլում կար այդ վստահությունը: 

Սա ազդանշան է իշխանության համար, որ հասարակությունն այլևս չի հանդուրժում իրենց իրավապահ համակարգի կամայական որոշումները, սանձարձակ պահվածքը: Պետական ծառայողները պարտավոր են հնարավորինս զուսպ լինել իրենց ծառայությունն իրականացնելիս, ուժ կիրառել բացառիկ դեպքերում: Երբ քաղաքացու հայհոյանքին ի պատասխան ոստիկանը գալիս է այդ հարթություն, մենք այդտեղ կորցնում ենք պետությունը, իրավապահ համակարգը, ուղղակիորեն համոզվում ենք, որ այդ թմբկահարվող բարեփոխումներն իրականում չեն էլ արվել:

– Պարո՛ն Նորիկյան, համակարծի՞ք եք այս օրերին հնչած կարծիքներին, որ իրավապահ համակարգի աշխատակիցների այդօրինակ պահվածքը միմիայն անպատժելիության հետևանք է:

– Դրա մասին տարիներ շարունակ եմ խոսում, բայց դրան կավելացնեմ նաև անկարողունակությունը: Այս իշխանությունն ապացուցել է իր անկարողունակությունը, այս մարդիկ ընդամենը ժամերով խոսում են, ապացույցը՝ գործադիրի նիստերը, որ իմիտացիա ստեղծեն, թե աշխատանք են անում, ինչ-որ գաղափարներ են քննարկում, բայց իրականությունը բոլորովին այլ է: 

Այս իշխանությունը չկարողացավ ստեղծել այնպիսի ոստիկանություն, որի գործունեությունը որևէ մեկի մեջ կասկած չհարուցեր, իշխանությունն այստեղ պարտվել է, պարտվել է իր անարդյունավետ կառավարմամբ: Կառավարման համակարգում մշտապես և՛ կադրային, և՛ արժեհամակարգային ճգնաժամ է, Նիկոլ Փաշինյանն իր ու իր թիմի քաղաքական մտքի սնանկության մեջ թող փնտրի բոլոր ոլորտներում ձախողման ու պարտության պատճառները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am