Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա. Հայտարարություն

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն արձագանքել է այսօր տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիային: Կուսակցության հայտարարությունը՝ ստորև.

««Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ ադրբեջանական հերթական ահաբեկչական գործողության կապակցությամբ

Ս․թ․ մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբավորումը, խախտելով շփման գիծը, հարձակում է գործել և ինտենսիվ կրակ բացել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մեքենայի վրա, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվական դաշտ է նետել նախապես ծրագրված հանցագործությունն իբր թե արդարացնող քարոզչական թեզեր՝ հայտարարելով իր իրական նպատակների մասին՝ ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղն ու լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, հսկիչ-անցագրային վերահսկողություն սահմանել Բերձորի (Լաչինի) միջանցքի վրա, պարալիզացնել Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքը՝ իսպառ բացառելով ներքին տեղաշարժի այլընտրանքային հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

☑️ Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունը հակադարձ համեմատական է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր իսկ կողմից առաջարկվող համերաշխությանը։ «Ռեինտեգրացիայի» քողի ներքո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցվող էթնիկ զտման քաղաքականություն։

☑️ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների համապատկերում Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից, նույն է թե՝ իր ժողովրդին ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից պաշտպանելու պարտականությունից։

☑️ Համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը երաշխավորում է Բերձորի (Լաչինի) միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Նույն միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, անցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողությանը։ Հետևապես՝ պաշտոնական Բաքվի անվսահության հասցեատերը Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդը չէ։

☑️ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները զոհվել է այն տեղանքում, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածությամբ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապհովող և Շուշի քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Ուստի ադրբեջանական կողմի պահանջն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը պետք է ապահովվի բացառապես Ստեփանակերտ-Բերձոր (Լաչին) ճանապարհով, հիմնազուրկ է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն այսպիսով հերքում է իր այն պնդումը, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը բաց է ազատ տեղաշարժի համար։ Եվ ի դեպ, Բերձորի (Լաչինի) միջանցքը համընկնում է այն տարածքային միավորներին, որոնք հայկական կողմից կամավոր հանձնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հայաստանի ու Ռուսաստանի խնդրանքով և խաղաղության հաստատման ակնկալիքով։

⏺ 44-օրյա պատերազմի արդյունքը, որն ադրբեջանական կողմը կորզել է միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Ռուսաստանի, Հայաստանի ու միջազգային հանրության վրա գործադրած ակնհայտ ճնշումներով, կարող է վիճարկվել ոչ միայն իրավական և հումանիտար հարթությունում, այլև՝ գետնի վրա՝ զենքի ուժով։ Արցախը, սակայն, կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ։ Այլապես՝ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները»: