Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական տրանզիտային մատակարարումն է իրականացվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Հայաստանի է տեղափոխվել ցորեն և ալյումին։
Ըստ աղբյուրի՝ առաջին անգամ է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ալյումին։
Այս անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն և 133 տոննա ալյումին։
Նշվում է նաև, որ մինչ այս պահը ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ընդհանուր առմամբ 26 հազար տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
Բացի տրանզիտային փոխադրումները, Ադրբեջանը շարունակում է նաև նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ APA-ի տվյալներով՝ մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա АИ-92 տեսակի և 2955 տոննա АИ-95 տեսակի բենզին։
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումներն իրականացվում են երկաթուղային ճանապարհով՝ նաև Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ։



















