Հրդեհ Խոսրովի անտառում. երեկվանից հրդեհը փորձում են մարել ութ տասնյակ փրկարարներ

Հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։

Այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։