Խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները վերադառնում են Արցախ

«Արցախի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաները վերադառնում են Արցախ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի աշխատակիցներն այսօր ճանապարհել են երեխաներին, հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

2020 թ․ պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում արցախցի երեխաներն ապրել են ՍՕՍ մանկական գյուղ Կոտայքի հոգածության ներքո՝ ստանալով ամենօրյա խնամք և անհրաժեշտ այլ ծառայություններ։ Բարձր գնահատելով կառույցի կողմից իրականացված աշխատանքները՝ Տաթևիկ Ստեփանյանը հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել՝ արցախցի սաներին հյուրընկալելու և խնամքի ծառայություններ մատուցելու համար։

Այցի շրջանակում համատեղ քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները։ Կարևորվել է երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանն ու նրանց՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ մուտքի կանխարգելմանը, կենսաբանական ընտանիք վերադառնալուն ուղղված մի շարք հարցեր։