Ժառանգություն. Վերաբնակեցրեք ազատագրված տարածքները

Ժառանգություն. Վերաբնակեցրեք ազատագրված տարածքները
Ժառանգություն. Վերաբնակեցրեք ազատագրված տարածքները

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին՝ սկսել ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթաց։

«Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել` ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում` բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա` Իրեւանի եւ Զանգեզուրի», իսկ «Լեռնային Ղարաբաղ հայերը եկել են որպես հյուր»: Նման ռազմաշունչ եւ էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել` համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով եւ առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, բացի նրանից, որ այլևս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության եւ Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաեւ հայկական կողմին ազատում են կաշկանդող որեւէ հանգամանքից` սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը»,- ասված է Ժառանգության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ «Ժառանգությունը» կոչ է անում ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին` անմիջապես եւ համագործակցաբար ձեռնամուխ լինել ԼՂՀ-ի նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին:

«Մենք միաժամանակ հորդորում ենք ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որեւէ դրույթի հերթական խախտման` այդ թվում ռազմատենչ հայտարարությունների (ուժի կիրառման սպառնալիքի) հնչեցման, շփման գծում դիպուկահարների գործողությունների դեպքում` էլ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը: Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որևէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար»,- գրված է հայտարարությա մեջ:

© Medialab.am