Թուրքական հագուստը կարելի է փոխարինել տեղականով, այնպես չէ, որ Հայաստանում գեղեցիկ հագուստ չեն կարող կարել․ Տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ

– Պարո՛ն Մակարյան, այս օրերին Հայաստանում թուրքական ապրանքներ գնելը բոյկոտելու, դրանք չգնելու կոչեր են հնչում։ Դրանք տեղի՞ն կոչեր են, կա՞ հնարավորություն ընդհանրապես բոյկոտել թուրքական ապրանքները։

– Ընդհանրապես մենք պետք ձգտենք, որ ներմուծման ապրանքները փոխարինվեն տեղական արտադրանքով, և այդ առումով կարևոր մաս է կազմում Թուրքիայից բերվող ապրանքների տեսականին։

Դրանք ունեն մի քանի ակնհայտ ոլորտներ՝ մեկը տեքստիլ և հագուստի ոլորտն է, որը մեծաքանակ բերվում է Թուրքիայից, մյուսը՝ տարբեր կենցաղային սարքավորումներ և կտրող գործիքներ, օրինակ՝ տնտեսական սղոցներ և այլն, և երրորդ բլոկը՝ շինանյութեր՝ ներկեր և այլն, շատ քիչ բերվում են տեխնոլոգիաներ, սարքավորումներ։ Սկզբում դրանք ավելի շատ էին բերվում, հիմա՝ քիչ։

Հիմա մեր երկրում կարի ոլորտը կենդանացել է և բավականին զարգանում է․․․

– Բայց հումքը դարձյալ թուրքական, այնպես չէ՞:

– Այո՛, հումքը թուրքական է, բայց դա կարելի է բերել մի մասը Ռուսաստանից, Տաջիկստանից, Չինաստանից։ Բայց ներմուծումը տեղականով փոխարինելը չպետք է լինի միանգամից, հնարավոր չէ միանգամից կտրել ու վերջ, դա պետք է լինի աստիճանաբար։ Պետք է աստիճանաբար հասկանալ, ուսումնասիրել՝ ումից բերել հումքը և զարգացնել տեղական արդյունաբերությունը։ Տեղական արդյունաբերությունը բավական որակով է. և՛ մանկական հագուստ է կարվում, և՛ սավաններ, հագուստեղեն ու շատ այլ ապրանքներ։

Հայաստանում հագուստ կարող գործարարներ կան, որոնք Եվրոպայի համար են կարում, այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանում գեղեցիկ հագուստ չեն կարող կարել։ Իհարկե, մենք կարող ենք կարել։

Ինչ վերաբերում է կենցաղային սարքերին, ապա կարելի է փորձել Հայաստանում կազմակերպել հավաքման տեղական արտադրություններ, այսինքն՝ բերվում է կոմպլեկտացիան, իսկ դրանք պարտադիր չէ, որ Թուրքիայից բերվեն, կարող են բերվել նաև Չինաստանից, Բելառուսից և տեղում պատրաստվեն։ 

Բայց ձեր առաջին հարցը սոցիալական մաս ունի՝ դա այն է, որ հազարավոր մարդիկ ավտոբուսներով կամ այլ ճանապարհներով Թուրքիայից բերում են ապրանքներ, վերավաճառում են ու դրանով գոյատևում։

Եվ եթե այդ պրոցեսը միանգամից դադարեցվի, ապա այդ հազարավոր մարդիկ կարող են գործ չունենալ։ Մյուս կողմից՝ եթե ինչպես դուք եք ասում՝ բոյկոտենք, չգնենք, ապա այդ մարդիկ ապրանքներ են բերել և բոյկոտելու դեպքում եթե չգնեն, կմնան իրենց վրա։ Դե պատկերացրեք՝ ինչ խնդիրներ կառաջանան։ Այսինքն՝ այդ բոյկոտելն էլ պետք է որոշակի տրամաբանությամբ արվի։ 

Հազարավոր այդ միկրոբիզնեսներին պետությունը պետք է փորձի զբաղեցնել այլ կերպ, ուրիշ ճանապարհներ առաջարկելով՝ կամ աշխատատեղեր ստեղծեն, որ կարողանան գոյություն պահպանել, կամ այլ ուղղություններ փնտրեն։

Սա այնպիսի հարց է, որ խոր վերլուծություն պետք է կատարվի, հասկանալու՝ ինչպիսի ապրանքախմբեր են, որը որ պահից է հնարավոր դադարեցնել ներմուծել, որը կարելի է փոխարինել ԵԱՏՄ տարածքում արտադրվածով կամ չինականով։ Այդ մարդկանց՝ Թուրքիայից ապրանք բերող միկրոբիզնեսի հետ պետք է աշխատել, նրանց ուղղորդել, բացատրել, որ այդ նույն ապրանքները կարելի է բերել Չինաստանից, ԵԱՏՄ երկրներից, որ այդ մարդիկ իմանան՝ հետագայում ինչ կարող են անել։

Իսկ հարցի տնտեսական կողմը այլ է՝ երբ մենք սկսում ենք մեր երկրում արտադրել, աշխատատեղեր են ստեղծվում, հարկերը մեր երկրում են կենտրոնանում, և դրա համար այս խնդրի սոցիալական ու տնտեսական կողմերը պետությունը պետք է կարողանա ներդաշնակեցնել։

Օրինակ՝ եթե մենք նմանատիպ արտադրություն ենք դնում Հայաստանում, այդ հագուստ վաճառողները կարող են գնալ կարի արտադրամասում աշխատել կամ Հայաստանում արտադրված արտադրանքը վերցնեն վաճառեն՝ ստանձնելով բրոկերի ֆունկցիա հենց երկրի ներսում։

Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է դարձել 2002-ին և, ստորագրված պայմանագրի համաձայն, չի կիրառելու սահմանափակումներ լրացուցիչ ներմուծվող ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ թուրքական։ Այսինքն՝ մենք հենց այնպես չենք կարող մաքսայինում խոչընդոտներ առաջացնել։

– Փաստորեն պետությունը չի՞ կարող միանգամից որոշել և դադարեցնել Թուրքիայից ապրանքների ներմուծումը։ 

– Միանշանակ, միանգամից դժվար կլինի, որովհետև լինելով ԱՀԿ անդամ՝ պետք է նայել, թե ո՛ր դեպքերում մենք կարող ենք նման որոշում կայացնե։ Օրինակ՝ եթե մենք Թուրքիան ճանաչենք ագրեսոր պետություն, բայց մի՛ մոռացեք, որ Թուրքիան ոտնձգություն չի իրականացրել Հայաստանի նկատմամբ, իսկ Արցախը չճանաչված պետություն է, ապա Հայաստանը չի կարող Արցախի փաստարկն օգտագործել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ երկխոսության մեջ։ 

– Այսինքն՝ ստացվում է, որ պետք է հարցը առայժմ թողնել մարդկանց խղճին, որպեսզի նրանք գիտակցեն և ինքնուրույն բոյկոտեն թուրքական ապրանքները։ 

– Այո՛, կան նաև այլ գործիքներ՝ ապրանքների որակի հարցը կարող է բարձրացվել, մեր տեղական արտադրանքը կարող է որակով գերազանցել թուրքականին։

Եթե տեղական արտադրության մակարդակը զարգացնում ենք, աճ է ունենում տեղական արտադրանքը, ապա ԱՀԿ-ի համաձայնագրով կա մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն մինչև 15 տոկոս, եթե տվյալ ապրանքի տեղական արտադրությունը 60 տոկոսից ավելի է և որոշակիորեն բավարարում է ներքին շուկայի պահանջարկը, ապա մաքսատուրքը կարող է 10 տոկոսից դառնալ 15 տոկոս՝ տեղական արտադրությունը խթանելու համար։

Այսինքն՝ գրագետ ուղիներ է պետք գտնել, բայց այն, որ հարկավոր է դա անել, միանշանակ է, այն, որ հարկավոր է տեղական արտադրությունը խթանել, միանշանակ է։ Վերջին հաշվով՝ եթե մենք կարողանանք տեղական արտադրությունը խթանել, բավական ներմուծվող ապրանքների կարիք չենք ունենա։ 

– Հայաստանում շուկայի ո՞ր տոկոսն են կազմում թուրքական ապրանքները։ 

– Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առևտրի վիճակագրություն ցույց չի տալիս, դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Վերջերս նայում էի այդ երկրի վիճակագրությունը, Հայաստանի հետ առևտրաշրջանառություն ցույց չէր տալիս, բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։

Այսինքն՝ պետք է բարոյական աշխատանքը կատարենք, որ մարդիկ ուղղակի հասկանան, թշնամի պետության հետ նոր հարաբերություններ հաստատեն, ի վերջո, ինքնասիրության խնդիր կա։

Թուրքիայի հետ մենք 280 մլն դոլարի առևտուր ունենք, բայց գրեթե ոչինչ չենք արտահանում այդ երկիր։ Այդ երկիրը մեր արտաքին առևտրի երկրների հնգյակում էր շարունակաբար գտնվում, այժմ՝ երևի տասնյակում։ Դա մեծ թիվ է իհարկե։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին առևտրի մեջ Թուրքիան ունի բավական լուրջ դիրք, որը պետք է փոխել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am