ՀՅԴ-ն դժգոհում է օրենքից, որին կողմ է քվեարկել. Fip.am

Մարտի 10-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին և հայտարարել, որ 2018 թվականին մի քանի օր առաջ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նախաձեռնել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու օրենքի փոփոխություն։ 

«Այդ փոփոխությունը, որի վրա իրենք հղում են անում, տեղի է ունեցել 2018 թ․-ի հունիս ամսին.. Մայիսի 7-8-ին արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը մի քանի օր հետո արդեն նախաձեռնել է փոփոխություն՝ ենթադրելով, որ այդ փոփոխությունով կարող է ԳՇ պետի պաշտոնազրկել»,- նշել է նա։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքանո՞վ է համապատասխանում այս հայտարարությունն իրականությանը, և ո՞վ է լրամշակված օրենքի հեղինակը, և ի՞նչ կազմով է ընդունել օրենքն Ազգային ժողովը։ 

Օրենքը լրամշակել է Փաշինյանի կառավարությունը, հաստատել՝ ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

2017-ի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարությունը հավանություն է տվել 2018-ի հունիսի 8-ին, և կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով հունիսի 11-ին։ Նախագիծը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում, որի հիմնական զեկուցողն է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ 

«Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» լրամշակված օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2018-ի հունիսի 21-ին ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի կողմից։ 

Հիշեցնենք, որ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել էր 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հանրապետական կուսակցությունը 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները ներկայացված էին, համապատասխանաբար, 31 և 9 պատգամավորներով։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել էր 2018-ի նոյեմբերի 1-ին։ Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության արդյունքում Ազգային Ժողովի կողմից վարչապետ էր ընտրվել 2018-ի մայիսի 8-ին։

ՀՅԴ-ն դժգոհում է լրամշակված օրենքից, որին ժամանակին կողմ է քվեարկել 

Ըստ ԱԺ կայքի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» լրամշակված օրենքը Ազգային ժողովը հաստատել է 84 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Ըստ անհատական քվեարկության արդյունքների՝ ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորներից 6-ը ևս կողմ են քվեարկել օրենքի փոփոխությանը։ Բացառությամբ Արմենուհի Կյուրեղյանի, որը բացակա էր նիստից, մնացած ՀՅԴ-ականները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը և Սուրեն Մանուկյանը կողմ էին քվեարկել նախագծին։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի պնդումը, որ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունը նախաձեռնել է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, բայց թե ո՞ւմ կողմից է այն հաստատվել՝ ՀՅԴ-ական Մանուկյանը լռում է, որովհետև այն ընդունվել է նաև այդ փոփոխությունից դժգոհ ՀՅԴ-ական պատգամավորների կողմից։ 

Նելլի Լազարյան

Fip.am