«Փոխնախարարին բռնել են, որովհետև նորերը չգիտեն կոռուպցիոն սխեմաները, իսկ հները կոռուպցիոն սխեմաներից, սողանցքներից հիանալի տեղյակ էին». Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, նախօրեին մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, որը ՀՀԿ-ն համարում է բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում։ Ինչպե՞ս եք գնահատում։ 

– Չեմ զգացել, որ առանձնապես բուռն արձագանքներ լինեն։ Քոչարյանի դեպքում ավելի շատ էին այդ արձագանքները, և չեմ հասկանում՝ ինչո՛վ է դա պայմանավորված։ Գուցե նրանով, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը մի տեսակ դժվար բռնվող է, որովհետև կոռուպցիոն գործարքները չպետք է ցուցմունքներով լինեն, այլ թղթերով։ 

Կոռուպցիոն գործարքների ապացույցը, բացի ինչ-որ մեկի ցուցմունքից (որքան գիտեմ՝ նախկին գյուղատնտեսության նախարարն է ցուցմունք տվել), պետք է ունենա հզոր թղթաբանական բազա, այլապես ցանկացած իրավաբան կասի, որ մարդը կարող էր ուղղակի ատելությունից կամ նեղսրտելուց, կամ անձնական հաշիվներից ցուցմունք տալ, այսինքն՝ միայն ցուցմունքը բավարար հիմք չէ։ 

Եվ ես չեմ կարծում, որ նախորդ իշխանությունները որևէ գործարք արել են առանց թղթերը մաքուր պահելու։ Այդքանը ես չեմ պատկերացնում։ 

Տեսեք՝ փոխնախարարին բռնել են խոշոր չափի գործարքի վրա, որովհետև նորերը չգիտեն կոռուպցիոն սխեմաները, իսկ հները կոռուպցիոն սխեմաներից, սողանցքներից հիանալի տեղյակ էին։ 

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ սա օդեղեն մեղադրանք է, և շատ զարմանալի է, որ ինտենսիվանում են Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու կոչերը, և հանկարծ լինում է այս դեպքը։ Չեմ ուզում ասել, թե մեկը մյուսով պայմանավորված է, բայց ակնհայտորեն ժամանակային տրամաչափի մեջ շատ սահուն են։

– Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Ի վերջո, ո՞վ էր սխալ, ո՞վ՝ ճիշտ։

– Իմ գնահատականը միանշանակ է։ Ես գտնում եմ, որ պետական գործարքը չպետք է թաքուն տեղի ունենա։ Հենց նոր նայում էի CNN, և Թրամփ-Զելենսկի խոսակցության հետ կապված ամբողջ կոնգրեսականների մեղադրանքի առաջին կետը, որ մատնանշում են, այն է, որ դա թաքուն է տեղի ունեցել։ 

Այսինքն՝ հեռախոսազանգը եղել է այնպիսի սերվերով, որը հնարավոր չէ բռնել, եղել է թաքուն հեռախոսազանգ, և դրա փաստը պահվել է Սպիտակ տան աշխատակազմից։ Եվ հիմա, երբ մենք խոսում ենք «ԿամԱԶ»-ների գործարքի մասին, նախևառաջ պետք է հասկանանք, որ դա թաքուն գործարք է, իսկ իրավական պետության պարագայում թաքուն գործարքն ինքնին պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ 

Եվ եթե դու հիմա թաքուն ես պահում, դա նշանակում է, որ դրա մեջ կոռուպցիոն ռիսկեր կան։ Օրինակ՝ ինչքան գեղեցիկ կլիներ, որ նույն Սամվել Ալեքսանյանն աներ մաքուր բարերարություն, վեր կենար, ասեր՝ սիրով Հայաստանին նվիրում եմ մեծաքանակ «ԿամԱԶ», որպեսզի աղբի հարցերը լուծվեն։ 

Դա կլիներ և՛ բարեգործական ակցիա, և՛ հայրենասիրական ակցիա, և որևէ խնդիր չէր առաջացնի, բայց տեսեք՝ երկու սուտ է հնչում։ Սուտ համար մեկ՝ Սամվել Ալեքսանյանին, ի պատասխան «ԿամԱԶ»-ների, տրվել է ոչ թե կառուցապատման, այլ նախագծի թույլտվություն։ Եվ սա բառային մանիպուլյացիա է։ Եվ սրանից հետո գալիս է երկրորդ մանիպուլյացիան. թղթերում չկա, որ «Ալեքս հոլդինգը» պատկանում է Սամվել Ալեքսանյանին։

– Քաղաքապետն ասում է, որ Սամվել Ալեքսանյանը և «Ալեքս հոլդինգը» նույնական չեն։

– Դե ինչպես չհիշես «սա փոքր երկիր է» դասական ֆրազը։ Սա փոքր երկիր է, և չի կարելի ինֆորմացիոն մանիպուլյացիա անել, որովհետև, օրինակ՝ պետական կառավարման հարգը, կարգը իմացող եվրոպական կառույցների մոտ ինչքան էլ ճղվես և ասես, որ սա հակահեղափոխականներն են, սա Սերժ Սարգսյանն է, միևնույն է, փաստերն այնպես են, որ մեկ-երկու-երեք այդ փաստերը ստեղծում են տպավորություն, իսկ տպավորությունից կարծիք կես քայլ է, իսկ կարծիքից անվստահություն արդեն շատ կարճ է ճանապարհը։ Չի կարելի այսպիսի մանիպուլյացիաներ անել, չի կարելի շահարկելով հների թեման, մանավանդ հները քանի գնում նստում են, անել այն բաները, որոնք չի կարելի։

– ԿԳՄՍ փոխնախարար Լոռեցյանն է ձերբակալվել։ Բացի հներից, նաև նոր պաշտոնյաներ են ձերբակալվում։ Սա արդյոք չի՞ փաստում այն, որ օրենքի առաջ հավասար են բոլորը։

– Գտնում եմ, որ պետության իրավաչափությունը ոչ թե սխալ չգործելն է, այլ սխալը կանխելը։ Այսինքն՝ եթե մեկը կոռուպցիոն գործարքի մեջ է, և նրան դատապարտում են, դա նշանակում է՝ պետությունն աշխատում է։ 

Ես միայն մեկ բան չեմ հասկանում՝ ինչո՞ւ փոխնախարարի պարագայում աշխատում է, իսկ քաղաքապետարանի դեպքում չի աշխատում։ Չի կարելի դիվերսիֆիկացիա անել։ Այ եթե ես տեսնեմ, որ բոլոր ուղղություններով ընթանում են պլանաչափ գործողություններ, կարելի է վստահ լինել, որ պետական ապարատն աշխատում է։

– Սելեկտիվ արդարադատությո՞ւն է գործում։

– Իհարկե, սելեկտիվ վերաբերմունք է։ Սոցիալական ցանցերում տեսնում եմ, որ, ասենք, նույն իշխանական կոալիցիայի որոշակի ներկայացուցիչներ իրենց գործընկերներից ոմանց պաշտպանում են, մյուսներին՝ դատափետում։ Այդպես չի կարելի։ Ես կարծում եմ, որ իշխանությունն ունի պարտավորություն լինել ինքնաքննադատ, ոչ թե սելեկտիվ քննադատ։ Եվ սա պետության ամրացման, կայացման գրավականն է։

– Բայց հիմնավորում են, թե գաղտնի գործարք չի եղել, ավելին, պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ նշելու, շնորհակալագրեր հանձնելու նվիրատուներին։

– Բայց չէ՞ որ նախևառաջ ավագանուց է պահվել։ Սկանդալը սկսվել է ավագանուց գաղտնի պահելու փաստից։ Դրա համար հիմա հետադարձ ասել, թե ա՛յս էինք ուզում անել, ա՛յն էինք ուզում անել՝ անիմաստ է։ Կամ՝ մարդ կա դիմել է, որ ամսական կտրվածքով ստանա պարգևավճարները, անմիջապես այդ սուտը բացվեց։ Չի կարելի Գուգլի և Յութուբի դարում անել այդպիսի բաներ, պետք է մի քիչ ավելի հմուտ լինել։ Կարելի է ստերի հարցում գնալ հների մոտ կոնսուլտացիայի, նրանք շատ փորձառու են և կոռուպցիոն սխեմաներին հիանալի տիրապետում են։ Բայց ինչի՞ գնալ, չէ՞ որ դու նոր պետություն ես սահմանում։ 

Իշխանությունը պարտավոր է լինել գերօրինապաշտ, որովհետև ինքն իրենով սահմանում է օրենքը։ 

– Իշխանության վարած քաղաքականության առումով վերջին մեկ տարվա դինամիկան ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ փոփոխություններ եք նկատում։

– Ես դինամիկան դրական եմ գնահատում։ Այսինքն՝ ես գնահատում եմ, որ ակնհայտ է, որ մտադրությունները չեն փոխվել։ Բայց ցավում եմ, որ, ի վերջո, դա միայն Նիկոլ Փաշինյանի մտադրությունների, ջանքերի, խնդիրների հավաքական է։ 

Ընդհանուր առմամբ, պետական ապարատը չի ուզում սովորել։ Օրինակ՝ պարզել են, որ շեյխը շեյխ չէ։ Հազար ներողություն, նախքան շեյխը մտնի քաղաքապետարան, քաղաքապետարանի ապարատը հազար անգամ պետք է այդ տեղեկատվությունը հավաքեր ու տեսներ, թե այդ մարդիկ արժանի՞ են քաղաքապետի մոտ մտնելու և բանակցելու։ 

Նրանք պետք է իմանային, թե ո՛վ է մտնում քաղաքապետի մոտ, դա պետական ապարատի պարտականությունն է։ Ոչ թե պարբերաբար պարգևավճար ստանալն է միայն պարտականությունը։ 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ կկտրեն բոլոր կոռուպցիոներների թաթիկները։

– Ես այդ բառապաշարին կտրականապես դեմ եմ։ Համարում եմ, որ դա ուղղակի քաղաքականությունը, պետական կառավարումը դարձնում է նարդի խաղալու ընթացքում գործածվող բառապաշար, իսկ ես չեմ ուզում, որ մեր քաղաքականությունը նույնացվի որևէ խաղի հետ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am