«Օդիոզ ֆիգուրների պետք է բռնել, օրինակ, Քոչարյանին, բայց երբ որ բռնելով գնանք՝ մինչև Տիգրան Մեծ հասնելու ենք». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

– Պարո՛ն Դանիելյան, հեղափոխությունից հետո խոսքի ազատության, ժողովրդավարության առումով ի՞նչ է փոխվել: Օրինակ՝ ՀՀԿ-ի կողմից կան գնահատականներ, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով հետընթաց կա երկրում:

– Խոսքի ազատություն կա երկրում, ո՞նց չկա: Ես համամիտ չեմ այդ կարծիքների հետ: Ուղղակի Հանրապետականը մի բան պիտի ասի, ասում է, էլի:

– Մարդիկ կարծես ավելի անհանդուրժո՞ղ են դարձել, ի՞նչ եք նկատում: Համացանցում, երբ տարածվում են ձեր հումորային տեսանյութերը, որոնք վերաբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սուր քննադատություններ են հնչում ձեր հասցեին: Սա ինչի՞ հետևանք է, ինչո՞ւ չեն հանդուրժում հումորը:

– Սկզբում շատ սուր էր մարդկանց արձագանքը, շատ սուր էին ընդունում որևէ հումոր, որովհետև, դե, իրենց սիրած իշխանությունն է: Անգամ բարի հումորն ընդունում էին որպես ծաղր: Բայց հիմա արդեն փոխվել է իրավիճակը, արդեն այդպես ծայրահեղ չեն ընդունում: Կամաց-կամաց, ինձ թվում է, իրավիճակը կընկնի իր տեղը: Դա այն ամենի հետևանք էր, որ մարդիկ տարիներ շարունակ ատելի իշխանություն են ունեցել, որին ցանկացել են միայն քաղցկեղ, անկողնային կյանք ու մահ:

Ժողովուրդն այդպես է վերաբերվում ՀՀԿ-ին ու իր ղեկավարներին: Եվ հանկարծ գալիս է ժողովրդական խարիզմատիկ մի ղեկավար, ով խոսում է իրենց լեզվով: Եվ, բնականաբար, եթե ասես, որ այդ մարդու աչքի վրա ունք կա, միանգամից դառնում ես թշնամի:

Բայց քանի որ հիմա արդեն հասկացել են, որ ոչ ոք իրենց ձեռքից Նիկոլին չի վերցնի, և դա օբյեկտիվ ու նորմալ գործընթաց է, որը պետք է շարունակվի, հիմա արդեն ավելի հանգիստ են վերաբերվում դրան: Արդեն որոշ առողջ քննադատություն ընդունվում է, ավելին, երբ չլինեն հանրապետականների նման մարդիկ, որոնք միայն փրփուրներից են կախվում և փնտրում են, թե ով որ պադեզդում թքեց, ինչ հագավ, երբ որ դաշտը մաքրվի, կգա առողջ քննադատություն, կլինի առողջ ընդդիմություն:

– Այսինքն՝ հնարավո՞ր է քաղաքական դաշտի մաքրմանը հասնել:

– Այո՛, իհարկե, ընտրություններն ամեն ինչ ցույց կտան: Փառք Աստծո, հիմա կա այդ հնարավորությունը՝ նորմալ ընտրություններ անցկացնել: Եվ ժողովուրդը պետք է քաղաքական կամք ունենա, ձայն չտա նրանց, որպեսզի դաշտը մաքրվի: ՀՀԿ-ականների մեջ բոլորը տականք չեն, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր գործի բերումով, ինչ-որ իներցիոն կարգով կամ ստիպված եղել են ՀՀԿ-ական:

Այդ նորմալ մարդիկ, ովքեր ՀՀԿ-ից են, հնարավոր է հետո ստեղծեն ինչ-որ կուսակցություն, մաքրված, նորմալ, առանց իրենց շեֆի մտնեն քաղաքական դաշտ: Իսկ հիմա դա Սերժ Սարգսյանի կուսակցությունն է, որից մենք հազիվ պրծել ենք:

– ՀՀԿ-ն ասում է՝ փոխվել են, ասում են՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին:

– Կփոխվեին այն դեպքում, եթե չլիներ իրենց ղեկավարը, եթե լինեին նոր դեմքեր: Իսկ այն մարդիկ, ովքեր երեկ այդպիսին էին, այսօր հանկարծ չեն կարող փոխվել: Ո՞նց կարող է մարդ վերցնել ու դառնալ նորմալ, այդպես չեն փոխվում: Լուրջ ռեբրենդինգ պետք է արվի, ժամանակ պետք է անցնի: Ի՞նչ են արել, որ փոխվել են, կոստյո՞ւմն են փոխել:

– Գուցե իրենց սխալներից հետևություններ են արել:

– Իսկ ինչո՞ւ չեն փոխում իրենց նախագահին, ամբողջ կուսակցական ապարատը, ինչո՞ւ չեն քննադատում, դատապարտում, քաղաքական գնահատականներ ինչո՞ւ չեն տալիս:

– Հասարակության մոտ ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մարդիկ նույն տրամադրություննե՞րն ունեն, ինչ ապրիլ-մայիսին էր, թե՞ այս ամիսներին որոշակի հիասթափություններ են եղել հեղափոխության նկատմամբ:

– Մարդը երբեք չի կարող նույնը լինել: Եթե մարդ նույնն է մնում, դա արդեն դիագնոզ է: Նույնը կարող են լինել Աշոտյանն ու Շարմազանովը, իրենք միշտ նույնն են, բայց նորմալ մարդիկ, ովքեր պլաստմասսայից չեն սարքված, հույզեր ունեն, միս ու արյուն ունեն, իրենք փոխվում են: Բնականաբար, ես դա հիասթափություն չեմ որակում, դա ընդամենն ավելի սթափ նայելն է քաղաքական պրոցեսին: Ավելին, ծնվեցին նոր կուսակցություններ, նոր դեմքեր: Ո՞նց կարող է նույն ձևի բոլորն այնպես մտածեն, ոնց որ կես տարի առաջ:

– Հիմա արդեն ի՞նչ փուլ ենք մտնում, ի՞նչ են պահանջում մարդիկ նոր իշխանություններից:

– Աշխատանք, գործ, ներդրումներ: Վե՛րջ: Հիմա արդեն միտինգների ժամանակն ընդհանրապես կանցնի, և ժողովուրդը ոչ միայն Նիկոլ Փաշինյանից, այլև իր պառլամենտից կպահանջի դա: Այդ կապը կա, մարդը կպահանջի նրանից, ում ընտրել է: Իսկ նախկինում մենք չգիտեինք, թե ո՛ւմ ենք ընտրել, մենք կապ չունեինք պառլամենտի հետ, իրենք իրենց կյանքով էին ապրում, մենք՝ մեր կյանքով: Հիմա նրանցից կսկսեն պահանջել այս-այս բաները: Դա հիասթափությո՞ւն է:

Հիասթափությունն այն է, երբ մարդիկ կասեն՝ վայ, ի՜նչ ափսոս, որ Սերժ Սարգսյանը չվերադարձավ: Ես կարծում եմ, որ նման նորմալ մարդ չկա, ով կմտածի, որ Սերժ Սարգսյանն ավելի լավն էր, ով փակ նիստեր էր անում, թղթեր էր ստորագրում, որոնք մենք չգիտեինք, թե ինչ թղթեր են, խոստումներ էր տալիս, որոնք չէր անում, զինաթափում էր բանակն ու դատարկում երկիրը: Երբ մարդիկ ասեն՝ ի՜նչ ափսոս, մենք ուզում ենք էլի այդպես ապրել, ա՛յ դա կլինի հիասթափություն այս իշխանություններից:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաները ինքնակամ դիմում են՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ունեցվածքի մի մասը նվիրել պետությանը: Նա ասաց, որ եթե յուրաքանչյուրն իր գողացածի 98 տոկոսը վերադարձնի, կմտածեն նրանց ներելու մասին: Պե՞տք է լինի ներում:

– Ես շատ լավ կարծքի ունեմ այդ մասին: Այո՛, որոշ օդիոզ ֆիգուրների պետք է բռնել, օրինակ, Քոչարյանին, բայց երբ որ բռնելով գնանք՝ մինչև Տիգրան Մեծ հասնելու ենք: Դա անիմաստ գործողություն է, մենք ուզում ենք երկի՞ր սարքել, թե՞ բանտ: Դե եկեք բանտ սարքենք, սաղին կոխենք բանտը: Ի վերջո, ես էլ կարող եմ հիմա ասել՝ որոշ ներկայացումներ խաղացել եմ, մեկ-մեկ, ասենք, ֆալշ տոմս եմ ծախել կամ այդ տոմսի ոչ բոլոր տոկոսներն եմ տարել-մուծել պետությանը:

Հիմա ի՞նչ, դանակներով ընկնեն Սերգեյ Դանիելյանի հետևից, բռնեն կոխեն բա՞նտ: Մենք բոլորս ապրում էինք այն համակարգում, որտեղ պետք է լինեիր գող: Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, երբ իր թերթերը ծախել է, բոլոր նալոգները մուծե՞լ է: Հաստատ՝ չէ՛, բա ո՞նց պետք է իր խմբագրությունը պահեր: Ո՞նց կարելի է բոլորին բռնել ու գնդակահարել:

– Ի՞նչ է փոխվել նախկին պաշտոնյաների մոտ, որ հիմա պատրաստ են ինքնակամ նվիրաբերություններ անել:

– Երևի թե մի քիչ վախ ունեն, որ, մեկ է՝ պիտի ռաստվեն էդ ամեն ինչի հետ: Ինչո՞ւ ոչ, ես միշտ լավատես եմ, կարող է քաղաքացիական ինչ-որ գիտակցություն է եկել, որովհետև հասկանում են, որ հիմա այն երկիրը չէ, որ անպայման գողանաս, որ ապրես: Ի վերջո, ներելը վատ բան չէ, ներում է ուժեղը: Քեն պահելը, սատկացնելը թույլ մարդու, ապուշ համակարգի դրսևորումներ են:

Ի վերջո, իրենց մեջ կան պրոֆեսիոնալներ, նորմալ չինովնիկներ, նորմալ մարդիկ: Ինչ-ինչ պատճառներով համակարգը նրանց սարքել էր գող ու ավազակ: Խոսքն այն 14 մլն գողացողների մասին չէ, ինձ ճի՛շտ հասկացեք: Նրանք այն ֆիգուրներն են, որոնք միջազգային կարգի հանցագործներ են, օդիոզներին պետք է բռնել, բայց շատ չխորանալ: Դա թող արդեն Նիկոլ Փաշինյանը որոշի՝ ո՛ւմ բռնել, ո՛ւմ՝ չէ: Ես իրեն ընտրել եմ, ես իրեն դա թույլ եմ տալիս:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am