«Հայաստանը սպասման ռեժիմում է». երբ կարող է նորընտիր խորհրդարանը առաջին նստաշրջանը գումարել

«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին արդեն պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով:

«Հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով»,- տեղեկացրել են Սահմանադրական դատարանից:

«Հայաստան» դաշինքն էլ իր տարածած հայտարարության մեջ նշել էր. «Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։ Մեր պայքարը շարունակվելու է։ Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»:

Բացի այս դաշինքից, ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին նույն օրը դիմում են ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:

Եթե ընտրությանը մասնակցած ուժը վիճարկում է ընտրության արդյունքները, ապա նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նստաշրջանը ինքնաբերաբար հետաձգվում է, ի հետևանս՝ հետաձգվում է նաև կառավարության ձևավորումը:

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում խորհրդարանը առաջին նստաշրջանը հրավիրում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Այդ մասին, ըստ նույն օրենքի, հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանը լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: Ընտրությունների արդյունքների վիճարկումը ՍԴ-ում, ըստ օրենսդրության, կարող է ձգվել երկու շաբաթ կամ 15 օր: Եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ ընտրությունների արդյունքները պետք է անփոփոխ մնան, ապա դրանից հետո միայն խորհրդարանական մեծամասնությունը կնշանակի կառավարության իր թեկնածուին և 15-օրյա ժամկետում կձևավորվի կառավարություն:

«Փաստացի, հիմա Հայաստանը սպասման ռեժիմում է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ դիմած «Հայաստան» դաշինքը նախընտրական շրջանում շատ բարձր նշաձող էր իր համար սահմանել, չի հասել դրան և հիմա փորձում է «նահանջել երգով»:

«Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի իր թիմակիցներին ցույց տալու, որ սա ոչ թե օբյեկտիվ իրականություն է, այլ իրենց ստացած 21.09 տոկոս ձայնը ընտրակեղծիքների հետևանք է: Նա խնդիր ունի նաև թիմը կուռ պահելու, որովհետև մարդիկ, լինելով պրագմատիկ, շատ կոնկրետ խոստումների, կոնկրետ շահի դիմաց էին միացել թիմին»,- ասում է Խալաթյանը:

Ավելին, ըստ սահմանադրագետի, այդ տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 1,5 տարի հետո Հայասանում տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ:

«Այդ ու նման հայտարարությունները թիմին մարզավիճակում պահելու համար են, շարքերը կուռ պահելու նպատակ ունեն»,- ընդգծում է մասնագետը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմած բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են օգտագործելու ցանկացած առիթ, նույնիսկ՝ պետական մարմինների վերջնական ձևավորման հաշվին, հօգուտ սեփական PR-ի:

«Ես կարծում եմ, որ դիմումատուները նույնիսկ իրենք չեն հավատում, որ Սահմանադրական դատարանը կարող է իրենց համար ցանկալի որոշում կայացնել: Բայց միևնույն է, նրանք դիմում են, որ թեման շարունակվի, իրենց մասին խոսեն և այլն: Բացի այդ, այս ուժերը չեն համաձայնում հետհեղափոխական ստատուս քվոյին և, չունենալով իշխանության հետ ժողովրդավարական կոնսենսուս, իրենք իրենց նեղություն չեն տալիս մտածել պետական կայունության մասին»,- ասում է Արտաշես Խալաթյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am