Հրապարակվել է 2017թ.-ի Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակը: 10 լավագույններն ընտրվել են մարզասերների SMS քվեարկության և մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով:
Հաղթողների կազմը հետևյալն է.
-
Հենրիխ Մխիթարյան՝ ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան
-
Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն
-
Լևոն Արոնյան՝ միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր
-
Գրիգոր Մխիթարյան՝ սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն
-
Մաքսիմ Մանուկյան՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն
-
Հովհաննես Բաչկով՝ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
-
Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
-
Էդգար Ստեփանյան՝ հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ
-
Արթուր Թովմասյան՝ Հայասատնի մարմնամարզության հավաքականի անդամ
-
Տիգրան Կիրակոսյան՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 4 անգամ հաղթել է աշխարհի գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Եվրոպայի և 1 անգամ՝ աշխարհի առաջնությունում:
Որպես պարգև մարզիկները ստացել են խորհրդանշական արձանիկ և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա:
Սակայն, ոչ բոլոր մարզիկներն ու մարզասերներն են համաձայն տարվա 10 լավագույնների անվանացանկի հետ: Շատերը կարծում են, որ կան արժանի մարզիկներ, որոնք ընդգրկված չեն ցուցակում:
Դժգոհություն արտահայտողներից մեկը ցուցակում ընդգրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նրա հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել մարզական աշխարհում: Սա առաջին դեպքն է, երբ լավագույնների ցուցակում ընդգրկված մարզիկը հրապարակային քննադատում է այն:
«Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Կարծում եմ՝ սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել: Երևի թե սխալ են կազմակերպել քվեարկությունը: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Թող տպավորություն չստեղծվի, թե ինձ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:
«Տարվա 10 լավագույն մարզիկների» անվանացանկը քննադատել է նաև Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, ով ևս հունահռոմեական ոճի ըմբիշ է: Նա ասել է, որ մասնավորապես ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, չպետք է ընդգրկվեր Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում:
«Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին։ Նա, անկասկած, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի 10 լավագուն մարզիկների ցանկում»,- ասել է մարզիկը:
Աղբյուրը՝ jam-news.net