Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը․ Մնացականյանը՝ ՄԽ խմբին

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը։