«Եթե մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը պատվաստված չէ, հորդորում են պատվաստվել». Էլինան՝ Ավստրիայից՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բնակվող Էլինա Կարապետյանն ասում է, որ քաղաքում հազվադեպ կարելի է հանդիպել COVID-19 դեմ չպատվաստված մարդկանց։ Ասում է՝ բոլորն են պատվաստվում և իրար խրախուսում են պատվաստվել։

Հայաստանում Էլինան սովորում է Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն ֆակուլտետում, սեպտեմբերին տեղափոխվել է Ավստրիա՝ համալսարաններից մեկում կես կիսամյակ ուսումնառություն անցնելու։ 

«Այստեղ ես ապրում եմ ուսանողական հանրակացարանում։ Մեր հանրակացարանում, բացի ընդհանուր խոհանոցից, լոգարանից և այլն, ունենք նաև ընդհանուր մարզասրահ, որը քովիդի պատճառով, ցավոք, փակ է։ 

Օրինակ՝ խոհանոց միաժամանակ 4-5 հոգուց ավելի մարդ չի կարող մտնել։ Էստեղ մենք կանոնները ինքներս ենք պահում, բայց երբեմն տնօրենը կարող է շրջել՝ ամեն ինչ ստուգելու։ Իմ ընկերուհիներից մեկին հեռացրել էին հանրակացարանից, որովհետև տնօրենը մտել ու տեսել էր, որ 7 հոգով նույն սենյակում առանց դիմակի են եղել, բարկացել էր ու դուրս հանել»,- «Մեդիալաբին» պատմում է Էլինան։

Էլինա Կարապետյանը

Նրա խոսքով՝ սենյակից դուրս գալու դեպքում էլ պիտի պարտադիր դիմակ կրես, իսկ օտար մարդկանց հանրակացարան բերելն ուղղակի արգելված է։ 

«Ով էլ վարակվում է, նրա համար հատուկ սենյակ են առանձնացնում և թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ։ Կարծում եմ՝ էդպես ճիշտ է, այլապես վարակակիրները կշատանան»։ 

Խոսելով արդեն երկրում գործող սահմանափակումներից՝ Էլինան նշում է, որ բացի բացօթյա տարածքներից, մնացած բոլոր վայրերում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը պարտադիր են։ Մարդիկ պարտաճանաչ կերպով պահում են սոցիալական հեռավորություն և կրում դիմակ։ Նրա խոսքով՝ օրինակ՝ տրանսպորտում կամ գնացքում անհնար է գտնել առանց դիմակի մեկ անձ, չնայած վերահսկողություն չկա։

«Ցանկացած վայր գնալիս պիտի քովիդի թեստի բացասական պատասխան կամ պատվաստման տեղեկանք ցույց տաս։ Հենց մտնում ես, ասում են՝ կա՛մ թեստ, կա՛մ պատվաստում։ Մեզ մոտ թեստի վրա նշվում են նաև ժամերը, թե ո՞ր ժամին եք թեստը հանձնել, և եթե ձեր թեստի ժամն անցել է, թեկուզ՝ 10 րոպե, ձեզ կրկին ոչ մի տեղ թույլ չեն տա մտնել, որովհետև այդ թեստն արդեն չի անցնի։ Մեզ մոտ թեստը հանձնում են 72 ժամը մեկ, և՛ թեստը, և՛ պատվաստումը անվճար են»,- ասում է Էլինան և հավելում՝ անգամ դասի իրեն թույլ չեն տա մտնել առանց թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման տեղեկանքի։ 

«Համալսարան մտնելու համար պահակն է այդ ամենը ստուգում, իսկ դասերը սկսելու ժամանակ՝ դասախոսը։ Մինչև դասախոսը չստուգի թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման տեղեկանքի առկայությունը, ձեզ թույլ չեն տա դասի նստել, իսկ դասն ուղղակի չի սկսվի»։

Էլինայի խոսքով՝ Ավստրիայում պատվաստվում է մարդկանց մեծ մասը, որովհետև վիճակն Ավստրիայում բավականին ծանր է, ու մարդիկ էլ դա գիտակցում են։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Ավստրիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 825.297 դեպք, 11.345-ը՝ մահվան ելքով, իսկ մեկ օրում [հոկտեմբերի 30-ին]՝ 6102 նոր դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով։

«Մեր հանրակացարանի դռանը թղթեր են փակցվում՝ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսային իրավիճակը երկրում։ Կանաչ թուղթը նշանակում է, որ վիճակը շատ լավ է, դեղինը՝ լավ, նարնջագույնը նշանակում է, որ վիճակը դեպի վատն է գնում, իսկ կարմիրն արդեն կրիտիկական վիճակն է։ Երկու ամսվա ընթացքում ես այստեղ միայն կարմիրն եմ տեսել, և միայն մեկ անգամ էլ՝ նարնջագույն»,- ասում է Էլինան և նշում՝ մարդիկ ամբողջովին ըմբռնում են ստեղծված իրավիճակն ու իրար հորդորում են պատվաստվել։

«Եթե մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը պատվաստված չէ, իրենք են հորդորում պատվաստվել։ Ասում են՝ ինչի՞ չես պատվաստվում, ի՞նչն է պատճառը, չե՞ս մտածում շրջապատի մասին և այլն։ Այսինքն՝ քաջալերում են իրար ու հորդորում պատվաստվել»։

Էլինան ասում է, որ հակապատվաստումային շարժումներ իրենց մոտ չեն լինում, պատվատվելու համար հերթեր են։

Իսկ Հայաստանում հակապատվաստումային տրամադրություններն Էլինան բացատրում է կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ հստակ քաղաքականությամբ։ 

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը սխալ կերպով սկսվեց։ Մեզ ասում էին, թե կորոնավիրուս չկա, հետո ասում էին՝ սովորական գրիպ է, հետո մենք անցանք լոքդաունի և սկսեցինք արդեն դիմակ կրել, հետո կրկին թուլացավ և հիմա կրկին վերահսկողությունը կարծես ուժեղանում է։ Կարծում եմ՝ մարդկանց պետք է սովորեցնել, թե ինչպես է պետք պայքարել քովիդի դեմ, հետո արդեն հստակ քայլեր կատարել համավարակը հաղթահարելու ուղղությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Էլինան։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am